«Դոկտրինան»՝ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Ադրբեջան օգոստոսի 13-ին։ Այցի շրջանակներում կողմերի միջև ռազմական ոլորտի մի շարք հարցեր են քննարկվել:

Ջասուր Սումերինլի

Ջասուր Սումերինլի

Պուտինի այցի ժամանակ ռազմական բնագավառում համաձայնեցրած հարցերի վերաբերյալ «Ազադլըգ» պարբերականին մեկնաբանություն է տվել ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին։

Նա հայտնել է, որ «մոտ մեկ տարի ընթացող բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել որոշակի համաձայնություններ։ Ըստ դրանց՝ Ադրբեջանը մոտ ապագայում Ռուսաստանից միլիարդավոր դոլարների արժողությամբ սպառազինություն է գնելու, իսկ Ռուսաստանը մասնակցելու է Ադրբեջանի ռազմարդյունաբերության ձեռնարկությունների գործունեությանը:

Սումերինլիի խոսքերով՝ առաջին 2-3 տարիների ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանից նվազագույնը 4 մլրդ դոլարի սպառազինություն գնելու պարտավորություն է ստանձնել:

Նշենք, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ներկա դրությամբ ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ծավալը կազմում է շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլար: Ընդ որում, 4 մլրդ դոլար շրջանառության մասին Ալիևն ավելի վաղ ասել էր ռուսական լրատվամիջոցներին։

Սումերինլին մանրամասնել է, որ իր սեփական ռազմական աղբյուրների տվյալներով՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներկայացուցիչները պարտավորվում են համագործակցության շրջանակներում մասնակցել Ադրբեջանի ռազմարդյունաբերության աշխատանքներին՝ որպես մասնագետներ վերապատրաստող, ինչպես նաև Ադրբեջանի ԶՈւ կողմից օգտագործվող սպառազինության վերանորոգող, արդիականացնող ու սպասարկող։

Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանի ՊՆ-ն ամեն տարի շուրջ 100 հոգի է ուղարկելու Ռուսաստանի բարձրագույն ռազմական դպրոցներ, ինչի վերաբերյալ պատրաստված փաստաթուղթը ռուսական կողմը Բաքվին կներկայացնի առաջիկա ամիսներին: Հաշվի առնելով այն, որ Սաֆար Աբիևը երեկ հայտարարել էր՝ «ռուսական ռազմական ուսումնական հաստատություններում ներկայումս սովորում է ավելի քան 70 ադրբեջանցի», ապա 100 հոգու ՝ՌԴ ուսման նպատակով ուղարկելը թերևս մոտ է իրականությանը։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Սուրմերինլին հատնել է նաև՝ մոտ ապագայում Ադրբեջանը դադարեցնելու է Կասպից ծովի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ 2011-ից ակտիվ համագործակցությունը, ինչի արդյունքում «վերականգնվելու է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև Կասպից ծովի անվտանգության ապահովման ուղղությամբ երկխոսությունը: Մինչդեռ, ինչպես հիշում ենք, Ռուսաստանը ծրագրավորել էր ընթացիկ տարում Կասպից ծովում համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնել Իրանի հետ, ինչը միանշանակ չի բխում Ադրբեջանի շահերից։

Ռուսական ռազմական կայքերը, մասամբ հաստատելով Սումերինլիի վերոհիշյալ խոսքերը, տեղեկացնում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարն օգոստոսի 13-ին ՌԴ ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանն ասել է՝ «Ադրբեջանը ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության շնորհիվ ստանում է Տ-90 տանկեր, ինքնագնաց հրետանային «Մստա» համակարգեր…»։
Աբիևը շեշտել է, որ մոտ օրերս «Ռուսաստանն Ադրբեջանին տրամադրելու է ԲՏՌ-82 զրահափոխադիչներ»։ Ռուսական աղբյուրները դեռևս լռում են այս հարցի առնչությամբ։

Կարևոր է այն, որ նույնիսկ Սումերինլին իր խոսքում ընդգծել է՝ իր կողմից նշված բոլոր հարցերի վերաբերյալ չկա պաշտոնական տեղեկություն, և եթե այդ ամենը համապատասխանում է իրականությանը, ապա «ռազմաքաղաքական տեսակյունից Ադրբեջանը հայտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում, առաջ են գալիս Ադրբեջանի ազգային անվտանգության համար 3 կարևոր խնդիրներ՝ Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա վատ է անդրադառնում ՌԴ-ի հետ նման չափերի համագործակցությունը, ապա Ադրբեջան-Թուրքիա ռազմատեխնիկական կապերը, ինչպես նաև Ադրբեջան-Իսրայել զենք-զինամթերքի առքուվաճառքն է տուժում»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *