Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 11-17

Բաքվում Թուրքիան նոր ռազմական կցորդ ունի։ Թուրքական A400M-ն առաջին թռիչքն է կատարել։ Թուրք-սիրիական սահմանին՝ նորից միջադեպեր։ Սպանություն Դիարբեքիրի հենակետում։ «Բանակի քեֆն» ավարտվել է ոստիկանների հետ բախումով։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբն ընդդեմ «Յանդեքսի»։

1. Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ նշանակված գեներալ-մայոր Հասան Նևզաթ Թաշդելերը նախկինում եղել է Թեքիրդաղում տեղակայված երրորդ զրահատանկային դիվիզիայի, ինչպես նաև ՀՀ-ին սահմանակից Իգդիր նահանգում տեղակայված գնդի հրամանատար։ Նորանշանակ ռազմական կցորդի ավագ եղբայրն «Էրգենեքոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված բանակի գեներալ Հուսեյն Նուսրեթ Թաշդելերն է։

2. Թուրքիայի համար նախատեսված Airbus A400M բեռնատար ինքնաթիռն օգոստոսի 9-ին իր առաջին փորձնական թռիչքն է կատարել իսպանական Սևիլիա քաղաքի ավիաբազայում։ Սպասվում է, որ այն մինչ տարեվերջ կհանձնվի Թուրքիային։ Իսկ թուրքական կողմն ընդհանուր առմամբ 10 միավոր ինքնաթիռ է պատվիրել։

3. Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգում զինծառայողների միջև վիճաբանության ժամանակ ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված զենքով սպանել է ծառայակցին։

4. Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը չորս հոգանոց խումբը փորձել է Սիրիայի տարածքից մազութ անցկացնել Թուրքիայի տարածք, սակայն Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները նկատել են շարժը։ Փոխհրաձգություն է սկսվել, որի ժամանակ այրվել են մազութով տակառները՝ այրվածքներ հասցնելով թուրք զինծառայողներից մեկին։

5. Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը դատական հայց է ներկայացրել Yandex ընկերության դեմ, որը երկրի տարածքում ռազմական օբյեկտներ է լուսանկարել  ու  հրապարակել, ինչը թուրքական օրենքների խախտում է։ Ռուսական ընկերության Թուրքիայի ներկայացուցչության ղեկավարի համար մեղադրող կողմը 5 տարվա ազատազրկում է պահանջում։ 

6.Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը պաշտոնական հայտարարությամբ հերքել է լիբանանյան աղբյուրներից սկիզբ առած և թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե թուրքական օդուժի կործանիչները թռիչքներ են կատարել Լիբանանի օդային տարածքում։

7. Օգոստոսի 15-ին նորակոչիկին բանակ ճանապարհելու ժամանակ Էլազիզ քաղաքում մի քանի տասնյակ ավտոմեքենա է դուրս եկել քաղաքի փողոցներ, ինչին հետևել է աղմուկը։ Դեպքի վայր ժամանակ ոստիկանների և 100 հոգանց խմբի միջև բախումներ են եղել։ 3 ոստիկան վիրավորվել է, կան ձերբակալվածներ։ 

8. Թուրքիայի և Եգիպտոսի համատեղ զորավարժությունները չեղյալ է հայտարարվել, ինչի պատճառը պաշտոնական Անկարայի և Եգիպտոսում զինվորականների կազմած ժամանակավոր կառավարության միջև լուրջ տարաձայնություններն են։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *