Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունն այսօր՝ օգոստոսի 14-ին, տարածել է հերթական ապատեղեկատվությունը։

Հիմնվելով «սեփական» անհայտ աղբյուրների վրա՝ ադրբեջանական գործակալությունը գրում է՝ իբր «օգոստոսի 8-ին Հակոբ Ինջիղուլյանի հետ միասին Աղդամի (Ակնա) շրջանից սահմանը հատել է Արմենակ Հակոբյանը, իսկ Հակոբի՝ գերի ընկնելուց հետո փորձել է վերադառնալ հայկական դիրքեր, բայց պայթել է ականի վրա»։

ԱՊԱ-ն ապատեղեկատվությունը հիմնավորելու հավելում է. «հայերն Արմենակի մասին գրում են սոցցանցերում»՝ որևէ անուն չներկայացնելով, մինչդեռ հայ օգտատերերից ոչ ոք այսօրվա դրությամբ Արմենակ Հակոբյան անունը չի հիշատակել։ Ադրբեջանի ՊՆ-ն ևս ոչ մի տեղեկություն չի ներկայացրել Արմենակ Հակոբյան անունով հայ զինծառայողի մասին։

Ռազմինֆոն այս առնչությամբ մեկնաբանություն վերցրեց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանից։ Վերջինս հերքեց այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 8-ին ԱՊԱ-ն լուրեր էր տարածել՝ իբր «Աղդամի շրջանում 2 հայ զինվոր անցել են շփման գծը, մեկը գերի է ընկել, մյուսը՝ ականի վրա պայթել է»։ Ավելի վաղ 1news.az ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցը հայտնում էր՝ իբր «սահմանն է անցել ու հանձնվել հայկական բանակում 2 ամիս ծառայած մեկ հայ զինվոր»։ Ընդ որում, ադրբեջանական մամուլը կրկին հղում չէր տալիս որևէ պաշտոնական աղբյուրի։ Ադրբեջանի ՊՆ-ն ևս լռում էր այս առնչությամբ։ «Ականի վրա պայթած հայ զինվորի» տեղեկության առնչությամբ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հերքեց այս լուրը՝ վկայելով, որ սա ապատեղեկատվություն է, և ադրբեջանական կողմում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հայտնվել է միայն մեկ հայ զինվոր։ Փաստորեն, ԱՊԱ-ն նույն ապատեղեկատվությունը, փոքր-ինչ փոփոխելով, նորից է շրջանառում։

Հավելենք, որ ԱՊԱ-ի՝ վերջին օրերին ապատեղեկատվություն տարածելու նման ակտիվությունը պայմանավորված է թերևս նրանով, որ փորձում են պատեհ-անպատեհ առիթով հնարավորինս հաճախ շրջանառել ու թեժ պահել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական կողմում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի թեման։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *