ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը հաղորդում է օգոստոսի 14-ին «Դաղստան» հրթիռային նավի՝ Բաքվի ափամերձ շրջանները լքելու մասին։
Հաղորդագրության մեջ ասվում է՝ «Դաղստան»-ի հետ միասին Բաքվի նավահանգիստը լքել ու Կասպից ծով են դուրս եկել ռուսական նավատորմի նավերը, այդ թվում «Վոլգոդոնսկ» փոքր հրետանային նավը։ Նավի վրա էքսկուրս են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Դեռևս օգոստոսի 12-ին Ադրբեջանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Ալինա Զոլոտորևան հայտնել էր, որ այցելության ընթացքում ՌԴ նավատորմի ներկայացուցիչներն ու հրամանատարական կազմը հանդիպումներ կունենան Ադրբեջանի ռազմածովային ուժերի իրենց պաշտոնակիցների հետ։
Նշենք, որ Բաքուն լքելուց հետո այսօր՝ օգոստոսի 15-ին, ՌԴ Կասպյան նավատորմի նավերը զորավարժություն են անցկացրել։
Հարավային ռազմական օկրուգի տվյալներով՝ վարժանքներին մասնակցում է ավելի քան 10 մարտական նավ, շուրջ 50 միավոր մարտական տեխնիկա, մոտ 1300 զինծառայող, ինչպես նաև «Բալ» համակարգի առափնյա հրթիռային դիվիզիոնը։
Ըստ նույն աղբյուրի՝ վարժանքների փուլերից մեկը առափնյա թիրախների ուղղությամբ հրթիռային հարվածի էլեկտրոնային արձակումն է։ Այդ ժամանակ էլ նավերի խումբը՝ «Դաղստան», «Թաթարստան» հրթիռային նավերի, «Բորովսկ» ու «Բուդեննովսկ» հրթիռային կատերների, նաև «Բալ» առափնյա հրթիռային դիվիզիոնի գլխավորությամբ պետք է պայմանականորեն շրջափակում իրականացնեն և ոչնչացնեն Կասպից ծովի կղզիների շրջանում տեղակայված ապօրինի զինված խմբավորումներին։
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 10-ին հայտնի էր՝ Կասպից ծովում զորավարժություն է անցկացվելու «Դաղստան» հրթիռային նավի մասնակցությամբ։
Հավելենք, որ Կասպից ծովում ՌԴ-ի ու Իրանի կողմից անցկացվող զորավարժությունները երբևէ դրական արձագանք չեն ունեցել Ադրբեջանում, քանի որ վերջինս այս երկու պետություններին ընկալել է հիմնականում որպես մրցակից Կասպյան ավազանում։
Դեռևս 2008-ին Թուրքմենստանը շուրջ 200 մլն դոլար արժողությամբ պայմանագիր էր ստորագրել ռուսական «Միջին-Նևյան նավաշինական գրոծարան» ՍՊԸ-ի հետ՝ 12418 նախագծի 2 «Մոլնիյա» հրթիռային կատերներ արտադրության համար, որոնք հանձնվել են թուրքմենական նավատորմին. առաջինը 2011-ի հունիսին, երկրորդը` նույն տարվա հոկտեմբերին։ Այս քայլն ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ մեկնաբանեցին՝ որպես «Ադրբեջանի դիրքերի թուլացմանը միտված նախաձեռնություն»։