Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը զորավարժություն է անցկացրել

Օգոստոսի 15-ին հայտնի է դարձել, որ օգոստոսի 13-14-ը Ադրբեջանի Սահմանապահ պետական ծառայության ուսումնական կենտրոնում մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացվել։

Համաձայն Սահմանապահ պետական ծառայության մամուլի հաղորդագրությանը՝ զորավարժությունը կրել է «Թշնամական զորքերի ներխուժման կասեցումն Ադրբեջանի տարածք, ահաբեկչական ու դիվերսիոն խմբավորումների վնասազերծում» անունը։

Հայտնի է, որ վարժանքներին մասնակցել են Սահմանապահ ծառայության արագ արձագանքման ստորաբաժանումները, մարտական ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հրետանի, զենիթահրթիռային համակարգեր։

Ըստ նախապես գրված սցենարի՝ սահմանապահ ծառայության անձնակազմը մարտական ուղղաթիռների օգնությամբ փորձել է վնասազերծել սահմանը հատած պայմանական դիվերսանտներին։

Երկրորդ պայմանական ահաբեկչական խմբավորումը ոչնչացվել է հատուկ նշանակության ծառայության ջոկատների կողմից։ Վերջին փուլում թշնամու ուղղաթիռից իջեցված դեսանտային զորքերը վնասազերծվել են հրետանու ու զենիթահրթիռային համակարգի միջոցով, խոցել են նաև թշնամու օդային թիրախները։

Ադրբեջանական աղբյուրները վկայում են, որ զորավարժության ժամանակ գործադրվել են հատուկ վարժեցված շներ, իրականացվել է բնակչության պայմանական տեղահանում։

Վարժանքներին ներկա Սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևն ու Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը պարգևատրել են զորավարժության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին։

Հիշեցնենք, որ այս զորավարժությունը կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ռուսական պատվիրակության՝ Բաքու կատարած այցի օրերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *