Ադրբեջանի պահեստազորի սպաները սպառնում են նոր ցույցեր անցկացնել

Ադրբեջանի «Պահեստազորի սպաներ» հասարակական կազմակերպությունը որոշում է ընդունել մի շարք ցույցեր կազմակերպել Բաքվում տարբեր երկրների դեսպանատների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ գրասենյակների մոտ։

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

Օգոստոսի 13-ին այս թեմայով մամուլի ասուլիս է անցկացրել վերոհիշյալ ՀԿ-ի ղեկավար, ինչպես նաև «Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին։

Վերջինս ասել է լրագրողներին, որ ցույցի թույլտվություն ստանալու նպատակով արդեն իսկ դիմում է ուղարկվել քաղաքապետարան։ Նրա խոսքերով՝ ցույցի անցկացման հիմնական շարժառիթն այն է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը խախտում է զինծառայողների իրավունքները՝ նյութական վնաս հասցնելով նրանց ընտանիքներին։ Աբիևը քայլերը հակասում են պետության Սահմանադրությանն ու այլ օրենքներին։

Ջաֆարլին փաստում է՝ արտասահմանյան գրասենյակների մոտ ցույցի կազմակերպման իմաստն այն է, որ «այդ պետությունները, փաստորեն, ընդունում են Սաֆար Աբիևին, քանի որ հյուրընկալվում են նրա մոտ, քննարկումներ ծավալում, համագործակցության ծրագրեր մշակում»։

Հիշեցնենք, որ ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին հայտնի է ՊՆ-ի, մասնավորապես, Սաֆար Աբիևի դեմ ուղղված սուր քննադատություններով։ Դեռևս մայիսին, ծավալուն անդրադարձ կատարելով Ադրբեջանի ԶՈւ բարեփոխումներին, փորձագետը դրանց իրականացումը կապել է նախ Աբիևի անհրաժեշտ հրաժարականի հետ։

Ապա հուլիսին մեկնաբանելով Աբիևի՝ Հարավային Կորեայի պատվիրակության հետ հանդիպմանն արտահայտած ռազմատենչ մտքերը՝ Ջաֆարլին կրկին կոչ է արել պաշտպանության նախարարին թոշակի անցնել։

Հավելենք նաև, որ հուլիսի 29-ին ռազմական փորձագետը հայտարարել էր, որ իր վրա հարձակվել են պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի վստահելի անձինք։ Հարձակման պատճառն էլ, ըստ երևույթին, ռազմական փորձագետի՝ Սաֆար Աբիևի հրաժարականի անհրաժեշտության վերաբերյալ պարբերաբար հնչեցրած կոչերն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *