Պուտինի այցից անմիջապես հետո Սաֆար Աբիևը հանդիպել է ԱՄՆ գեներալ-լեյտենանտի հետ

Օգոստոսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հանդիպում է ունեցել ԱՄՆ բարձրաստիճան զինվորականների հետ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Օքլահոմա նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայլզ Դիրինգը։

Աբիևը, ինչպես և բոլոր նմանատիպ հանդիպումների ժամանակ, բարձրացրել է Արցախի հարցը՝ շեշտելով՝ իբր «Հայաստանի վարած քաղաքականությունն օր օրի մոտեցնում է պատերազմի վերսկսվելուն»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը դժգոհել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ նրա գործունեությունը գնահատելով «անարդյունավետ»։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ԱՄՆ գեներալ-լեյտենանտի հետ այս հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ Բաքու ժամանած ՌԴ պատվիրակությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, պատրաստվում էր հեռանալ՝ որոշակի համաձայնություն ձեռք բերելով ռազմական համագործակցության բնագավառում։

Ուստի որոշ վերլուծաբաններ Մայլզ Դիրինգի հետ հենց այս ժամանակահատվածում կազմակերպած հանդիպումը գնահատում են՝ որպես «ռազմավարական կապերի վերահաստատում Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև»՝ ընդգծելով, որ անկախ հետագա զարգացումներից, Ադրբեջանում ամերիկյան զինվորականներ կան, Ադրբեջանի տարածքն էլ օգտագործվում է «դեպի Աֆղանստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *