ԿԽՄԿ գրասենյակը դեռևս նորություն չունի ռազմագերուց։ Ադրբեջանցի ռազմագերին վերադառնալու ցանկություն ունի։ Օհանյանի այցը հյուսիսարևելյան սահման։ Սպառազինության վերանորոգման և սպասաարկման կենտրոն ՀՀ-ում։ Հայ տանկիստները՝ տանկային բիաթլոնում։ Բերքաբերի վրա այլևս չեն կրակում։ Սեյրան Օհանյանը Բազե հավաքում։ Խախտվել է հրադադարի ռեժիմը։
1. Օգոստոսի 17-ին լրացավ հայ ռազմագերու Ադրբեջանում գտնվելու 9-րդ օրը։ Այս ընթացքում ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը դեռևս չի այցելել Հակոբ Ինջիղուլյանին, իսկ Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի մոտ ամեն օր նորության են սպասում ռազմագերու հարազատները։ Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ հայ ռազմագերու վերադարձը որևէ իրավական հետևանք չի առաջացնի նրա համար։
2. Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան: Ֆարաջևը նաև հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին:
3. Սեյրան Օհանյանն օգոստոսի 9-ին այցելել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի: Նա եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Նախարարը մասնակցել է նաև Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Սեյրան Օհանյանը նշել է, որ Մովսես գյուղի բնակիչները կարող են համոզված լինել՝ իրենք միայնակ չեն։
4. Օգոստոսի 13-ից եռօրյա այցով ՀՀ-ում էր Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությանն ընդունել է Սեյրան Օհանյանը։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանում տեխնիկայի և սպառազինության վերանորոգման ու սպասարկման համար նախատեսված սերտիֆիկացված սպասակման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ։
5. Մերձմոսկովյան Ալաբինոյում օգոստոսի 17-ին կկայանա տանկային բիաթլոնի միջազգային մրցումների որոշիչ փուլը։ Տանկային բիաթլոնին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի տանկիստները։
Նշենք, որ տանկային բիաթլոնը մեկնարկել է օգոստոսի 13-ից։ Միջոցառմանը մասնակցող երկրները կմրցեն Տ-72 Բ տանկերով հավասար պայմաններում։
6. Օգոստոսի 5-ից լարված էր հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը` կրակ բացելով նաև Տավուշի Բերքաբեր,Վազաշեն գյուղերի վրա: Ռազմինֆոյի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը նշել է, որ գյուղի վրա այլևս չեն կրակում։ Ըստ գյուղապետի՝ հակառակորդի կրակը մարտական դիրքերի կողմն է։
7. Օգոստոսի 16-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաք է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարն անդրադարձել է Արցախի հիմնախնդրի բանակցության գործընթացին, Ադրբեջանի սպառազինմանը, բանակում կարգապահական խնդիրներին, ինչպես նաև հայ ռազմագերու վերադարձի հարցերին։
8. Հակառակորդը օգոստոսի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը։ Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակոցները առտառոց մասշտաբների չեն եղել և հայկական կողմը վիրավորներ չունի։
Նշենք, որ լուրեր է տարածվել, որ ադրբեջանական կողմը կրակել է նաև սահմանամերձ Մովսես, Չինարի, Բերքաբեր գյուղերի վրա։ Չինարիի գյուղապետը չհաստատտեց լուրը, իսկ Բերքաբերի գյուղապետը հրաժարվեց պատասխանել։ Ռազմինֆոն դեռևս չի կարողանում կապվել Մովսեսի գյուղապետի հետ։
Ռազմաշաբաթը նաև՝
3 responses to “Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 11-17”