Ադրբեջանի ԶՈւ 2 զոհ, 1 վիրավոր։ Զորակոչում են հիվանդ երիտասարդների։ Ադրբեջանցիները դժգոհ են ռազմական շքերթից։ Բացվել է հոսպիտալի նոր մասնաշենք։ Ռահիմ Գազիևը չի փնովել ընդդիմությանը։ Նախիջևանում սպաներին զրկել են պարգևավճարից։ Ադրբեջանի պատվիրակությունը՝ Սերբիայի ռազմական ցուցահանդեսին։ Տապի պատճառով՝ նոր օրակարգ ԱՀ ԶՈւ-ում։ Գեներալին չեն հրավիրել զորահանդեսին։ Դիպուկահարների ու հետախույզների կուրսերը վերսկսվում են։
1. Հունիսի 24-ին քաղցկեղից մահացել է Թովուզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Թուրալ Քասիմովը։ Համաձայն ազգականների՝ ՊՆ-ն ոչնչով չի օգնել ու նույնիսկ չի թույլ տվել հիվանդ զինվորին տանել Թուրքիա՝ բուժման։
Հունիսի 27-ին Ադրբեջանի Լերիքի շրջանում ԶՈւ պետական սահմանապահ ծառայության զինվոր Սամեդով Խազար Աղա օղլուն մահացել է զենքի սխալ օգտագործման պատճառով։
Հունիսի 28-ին Շամխորի բանակային կորպուսում 19-ամյա շարքային Սյուննաթ Քյուբար օղլու Դադաևը ինքնաձիգից պատահմամբ կրակելի է իր ոտքին։
Ըստ հունիսի 20-ին «Դոկտրինա» ադրբեջանական կենտրոնի հրապարակած տվյալների՝ Ադրբեջանի բանակում 2013-ի հունվարի 1-ից մինչ օրս կա 49 զոհ, 61 վիրավոր։ Հետևելով «Դոկտրինա»-ի հրապարակած թվին՝ նշենք, որ հունիսի 29-ի դրությամբ՝ Ադրբեջանում տարվա կտրվածքով կա 51 զոհ, 62 վիրավոր։
Հունիսի 25-ին Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետծառայության պետ Արզու Ռահիմովը հայտարարել էր՝ Ադրբեջանում առողջական լուրջ խնդիրներով երիտասարդների զորակոչման դեպքեր չեն գրանցվել, մինչդեռ Քասիմովի հարազատները վկայում են՝ իրենց որդուն զորակոչել են և համալիր բուժման փոխարեն ընդամենը մի քանի օրվա բուժում նշանակել Արյան փոխներարկման ինստիտում։ Եվ դա եզակի դեպք չէ։ 2011-ից մինչ օրս գրանցվել են սրտի արատով, թոքերի անբավարարությամբ, լսողության խնդիրներով ու տուբերկուլյոզով հիվանդ զինվորների զորակոչումը ԶՈւ։
2. Հունիսի 26-ին Բաքվում մեկնարկել էր զինված ուժերի 95-ամյակի առթիվ կազմակերպած ռազմական շքերթը, որին ներկա են երկրի առաջին դեմքերն ու բարձրագույն ռազմական հրամանատարությունը, արտասահմանյան հյուրեր ու դիվանագետներ։
Ռազմաշքերթի ավարտից հետո ֆորումների գրառումներում մեծ թիվ էին կազմում 12-ժամյա ճանապարհատրանսպորտային խցանումներից և փակ փողոցներից բողոքողները։ Գրառումներից մեկում ասվում էր հետևյալը. «Այս շքերթը ոչ թե թշնամուն էր ուղղված, այլ մեր ժողովրդին, որ առաջիկա նախագահական ընտրություններում Իլհամին չընտրելու դեպքում բանակի ողջ ներուժը մեր իսկ դեմ են օգտագործելու»։
Բացի այդ, լրագրողների մի մասին ու ժողովրդին արգելել էին դիտել շքերթը։
3. Հունիսի 25-ին Ադրբեջանում կայացել է ԶՈւ կլինիկական հոսպիտալի երկրորդ գլխավոր բուժական կորպուսի բացման արարողությունը, որին ներկա էին նախագահ Իլհամ Ալիևն ու պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը։ Այստեղ ներկայացվեց նաև 60 տեղանոց նոր շարժական հոսպիտալը։
4. Համաձայն ադրբեջանական իշխանամետ կայքերի՝ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը փնովել էր ընդդիմադիր Ազգային խորհուրդ խմբավորման առաջնորդներին: Հունիսի 22-ին Գազիևը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ պետական պատվեր կատարող լրատվամիջոցները պարզապես իր անունից նյութեր են հրապարակել, և դա սադրանք էր։
5. Հունիսի 25-ին Ադրբեջանի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի միջազգային ռազմավարության գծով առաջին տեղակալ Էնդրյու Մուրրիսոնին։ Քննարկվել է ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության խորացման հարցը։
6. Հունիսի 26-ին հայտնի է դարձել, որ Նախիջևանի զորամիավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Քարամ Մուսթաֆաևը իրեն ենթակա մի խումբ սպաների և ենթասպաների առանց որևէ բացատրության զրկել է պարգևավճարից։
7. 2013-ի հունիսի 25-28-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալու է «Գործընկեր-2013» թվով 6-րդ ռազմական ցուցահանդեսը, որին մասնակցելու է նաև Ադրբեջանի պատվիրակությունը։
8. Ադրբեջանում գրանցված բարձր ջերմաստիճանի պատճառով՝ Ադրբեջանի ԶՈւ նոր հաստատված օրակարգի համաձայն՝ զինվորներն ու սպաները մինչև ժամը 11։00-17։00 զորամասերում են մնալու։
9. Հունիսի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն, հասկանալով, որ լուրերը շրջանառվում են, պաշտոնապես հերքել է գեներալ-մայոր Ռովշան Աքպերովին Բաքվի զորահանդեսին չհրավիրելու տեղեկությունը։ Աքպերովն Ադրբեջանի ազգային հերոս է, 2001-ին Կիևում գործարարի է սպանել, ալկոհոլի ու թմրանյութերի սիրահար է։
10. Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության շրջանակներում գործող «Ռազմահայրենասիրություն և մասնագետների պատրաստում» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ հետախույզների ու դիպուկահարների դասընթացները վերսկսվելու են՝ «համապատասխան ժամանակակից ուսումնական ծրագրերի»։