Ադրբեջանում առողջական լուրջ խնդիրներով երիտասարդների են զորակոչում

Այսօր՝ հունիսի 25-ին, Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետծառայության պետ Արզու Ռահիմովը հայտարարել է. «Ներկայումս ոչ մի դեպք չի գրանցվել ու ոչ մի փաստ չկա, որ զորակոչվում են այս կամ այն հիվանդությունն ունեցող երիտասարդներ, քանի որ ցանկացած բժիշկ պատասխանատու է զորակոչիկի առողջության վերաբերյալ փաստաթղթերի համար»։

Այնուհանդերձ, կան բավարար փաստեր, որոնք վկայում են՝ Ռահիմովի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։

Անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին զորակոչված և ընթացիկ տարվա մարտին ոչ մարտական պայմաններում զոհված շարքային Ռաշադ Միրզաևի հայրը՝ Վալահադ Միրզաևը, հայտարարել էր լրագրողներին, որ պատասխանատվության է պետք ենթարկել Մոբիլիզացիայի և զորակոչի պետծառայության շրջանային ճյուղի ներկայացուցիչ Իլղար Ալիմզաևին։ Միրզաևի հայրը բժշկական ախտորոշման տվյալներով ապացուցում է, որ մահացած որդին զորակոչվելու պահին արդեն իսկ ուներ սրտի ու թոքերի սուր անբավարարություն, սակայն նրան չազատեցին ծառայությունից՝ պահանջելով 5000 ադրբեջանական մանաթ (շուրջ 6500 ԱՄՆ դոլար)։ Ընտանիքը նման գումար տալու հնարավորություն չուներ։

Այս դեպքը եզակի չէ։ 2013-ին զինծառայող Էլշադ Նովրուզովը զորակոչվել է թոքերի ծանր հիվանդությամբ, Ամիլ Ալիևը՝ առողջական վատ վիճակով ու մեկ երիկամով, Էհթիյար Նադիրովը՝ ի ծնե լսողության խնդիրներով։

Ադրբեջանական լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացավ հատկապես այն բանից հետո, երբ 29-ամյա Իլհամ Շաֆահաթովը զորակոչվեց՝ ունենալով տասներկումատնյա աղիքի խոց և ողնաշարի ծռում։ Ծառայության չորս ամիսներից երեքը նա անցկացրեց հոսպիտալներում։ Ավելին, Իլհամի հետ միասին զորակոչվեցին իր եղբայրները՝ տուբերկուլյոզով հիվանդ 24-ամյա Ֆաիքն ու սրտի անբավարարություն ունեցող 20-ամյա Էլնուրը։

Ռազմինֆոն արդեն հայտնել էր, որ Թովուզի զորամասերից մեկի զինծառայող Թուրալ Քասիմովը, համաձայն վերջինիս ազգականներից մեկի՝ Վալիխան Քասիմովի, անցյալ տարվա հոկտեմբերից հիվանդ էր քաղցկեղով, սակայն նյութական միջոցների բացակայության պատճառով Թուրքիայում ու Իսրայելում համապատասխան բուժում չստանալով՝ հունիսի 24-ին մահացել է։

Այսօր՝ հունիսի 25-ին, ադրբեջանական «Զերկալո» պարբերականի լրագրողը փորձել է Արյան փոխներարկման ինստիտուտում պարզել՝ արդյոք ամեն ինչ արվել է զինվորի կյանքը փրկելու համար։ Այստեղ նշել են՝ Քասիմովին ուղարկել են բուժվելու ռազմական հոսպիտալ, որտեղ էլ զինվորը մահացել է։ Հոսպիտալում հրաժարվել են մեկնաբանել։

Իրավապաշտպան Ալեքփեր Մամեդովը հայտարարել է, որ ՊՆ-ն պետք է ստանձներ Քասիմովին բուժելու կամ արտասահման բուժման ուղարկելու ծախսերը, ինչը չի արվել։ Քասիմովի հարազատները ևս հաստատել են այս տեղեկությունը՝ խոստովանելով՝ բազմիցս դիմել են ՊՆ-ին ու խնդրել զինվորին Թուրքիա ուղարկել՝ բուժվելու, սակայն ՊՆ-ն որևէ կերպ չի արձագանքել իրենց։

Հավելենք, որ մեր ունեցած փաստերը միայն ադրբեջանական լրատվամիջոցների լուսաբանած դեպքերն են։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչի դեպքերն Ադրբեջանում շատ ավելի են։

One response to “Ադրբեջանում առողջական լուրջ խնդիրներով երիտասարդների են զորակոչում

  1. Pingback: Ադրբեջանի՝ հիվանդությունից մահացած զինծառայողի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *