Բաքվի զորահանդեսի արձագանքները

Ինչպես գիտենք, հունիսի 26-ին Բաքվում կայացավ ԱՀ ԶՈւ 95-ամյակին նվիրված ռազմական զորահանդեսը, որին մասնակցին Ադրբեջանի ՊՆ զորամիավորումների անձնակազմը, խաղաղապահ ուժերը, հատուկ ծառայության ուժերը, ծովային հետևակը, պետական սահմանապահ ծառայության ուժերը, պետական անվտանգության ծառայությունը, ՆԳՆ զորքերը, ԱԻՆ քաղպաշտպանության ուժերը, ռազմական ակադեմիաների կուրսանտները։ Ռազմաշքերթի համար Բաքվի նավահանգիստ են բերվել ՌԾՈւ և առափնյա անվտանգության ռազմական ու պարեկային նավերը։

Ռազմինֆոն արդեն տեղեկացրել էր զորահանդեսին ներկայացված սպառազինության մասին։

Չնայած նրան, որ զորահանդեսից մեկ ամիս առաջ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները պարբերաբար լուրեր էին հրապարակում ցուցադրվելիք զինտեխնիկայից ու բացահայտ քարոզչությամբ զբաղվում, շքերթի ավարտից ժամեր անց YouTube-ում և սոցցանցերում տեսանյութեր էին տարածվել, թե ինչպես են անվտանգության աշխատակիցներն արգելում երեխաների հետ եկած ժողովրդին դիտել զորահանդեսը, նույնիսկ մոտենալ առափնյա հատվածներին։

Ոստիկանների կողմից արգելքի հանդիպեցին նաև լրագրողները. «Թուրան»-ի թղթակցին թույլ չտվեցին մոտենալ տրիբունաներին՝ մեղադրելով պետական դավաճանության մեջ և սպառնալով ձերբակալությամբ։

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերն իրենց գրառումներում վկայում էին՝ «Ռազմական շքերթը ոչ թե ժողովրդի, այլ վերնախավի համար էր»։

Ինչ վերաբերում է զորահանդեսի արձագանքներին, ապա դեռևս գլխավոր փորձի ժամանակ ադրբեջանցիները դժգոհություններ էին հայտնում համացանցային ֆորումներում՝ «ճանապարհները փակ են, Բաքուն անանցանելի է, ամենուր խցանումներ են», «ռազմական տեխնիկան վնասել է Բաքվի կենտրոնի փողոցների ասֆալտը», «ոստիկաններն արգելում են նույնիսկ քայլել փողոցով, որպեսզի փորձին չխանգարեն» բովանդակությամբ։

Իսկ ահա ռազմաշքերթի ավարտից հետո ֆորումների գրառումներում մեծ թիվ էին կազմում 12-ժամյա ճանապարհատրանսպորտային խցանումներից և փակ փողոցներից բողոքողները։

Գրառումներից մեկում ասվում էր հետևյալը. «Այս շքերթը ոչ թե թշնամուն էր ուղղված, այլ մեր ժողովրդին, որ առաջիկա նախագահական ընտրություններում Իլհամին չընտրելու դեպքում բանակի ողջ ներուժը մեր իսկ դեմ են օգտագործելու»։

Մեկ այլ օգտատեր նշում էր. «Երբ մարտի 10-ին՝ «Ոչ ասենք բանակում ոչ մարտական զոհերին» ցույցի ժամանակ ժողովուրդը երթ էր անում փողոցներում, իշխանությունը փողոցը փակելու պատրվակով ձերբակալեց ցուցարարներին, իսկ այժմ նույն իշխանությունն օրեր շարունակ փակել է կենտրոնական բոլոր փողոցները»։

Ադրբեջանցիներից մեկը մեկնաբանել էր. «Եթե նույնիսկ ունենք ռազմական տեխնիկա, մեզ մասնագետներ են պետք, այլ ոչ թե ղեկավարելու ունակություն չունեցող անտաղանդ գեներալներ, դասալիքներ ու տարեցտարի աճող կորուստները բանակում»։

Օգտատերերի զգալի մասը հարց էր ուղղում. «Ինչի՞ համար ենք ուրախանում, ի՞նչ առիթով ենք շքերթ անում, եթե Ղարաբաղը մերը չէ»։

Գրառումներից պարզվեց նաև, որ ինքնաթիռների թռիչքն ու զորահանդեսի մեծ մասն իրականում ուղիղ եթերով չի ցուցադրվել, ինչպես նախապես խոստացվել էր։

Հետաքրքիր է, որ ռազմական շքերթը, իշխանամետ ադրբեջանական կայքերում որակավորվելով «ամենազորեղն ու նմանը չունեցող», թուրքական մամուլում քննարկումների ու մեկնաբանությունների առիթ գրեթե չէր տվել։ Առաջատար թուրքական լրատվամիջոցները պարզապես կարճ լուրի տեսքով էին գրել շքերթի մասին՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի խոսքին, մի քանի կայք էլ հիշատակել էր՝ զորահանդեսին թուրքական արտադրության սպառազինություն է ցուցադրվել։ Միայն «Իհլաս» գործակալությունն էր նշել. «Ադրբեջանի բանակն ամենաժամանակակիցն է և ուժեղը Կովկասում»։

Ռուսական լրատվամիջոցներից ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը կարճ նորության տեսքով էր հաղորդել Բաքվի զորահանդեսի մասին՝ թվարկելով ՌԴ-ից ձեռք բերված զինտեխնիկան։ Մյուս ռուսական լրատվականներում անդրադարձներ չկային։

Արևմտյան մամուլից զորահանդեսին համառոտ անդրադարձ է ներկայացրել Եվրոնյուզ կայքը։

Հատկանշական է, որ ադրբեջանական զորահանդեսը երգիծանքի տեղիք է տվել հենց ադրբեջանցիների երիատասարդների մոտ։ Դիտումների մեծ քանակով աչքի ընկնող ադրբեջանական Balta TV համացանցային հաղորդման շրջանակներում ծաղրում էին զինվորների քայլքն ու զորահանդեսի պաթոսը։

Հավելենք, որ անկախ Ադրբեջանի առաջին ռազմական շքերթը կայացել է 1992-ի հոկտեմբերի 6-ին՝ Արցախյան պատերազմի թեժ շրջանում, երբ ադրբեջանցիները մայիսին խայտառակ պարտություն էին կրել Շուշիում, իսկ հոկտեմբերին հայկական ուղղաթիռները հարվածներ էին հասցնում Լաչինի միջանցքին հյուսիսից ու հարավից սպառնացող հակառակորդի՝ Մոլլալար բնակավայրի, Սուզուզդաղ և Ղոչազ լեռների ուղղությամբ տեղակայված կրակակետերին։ Հայկական կողմն արդեն օդուժ էր կիրառում ադրբեջանցիների դեմ։

Այս պայմաններում Բաքվի զորահանդեսը նպատակ ուներ թերևս շեղել ադրբեջանցիների ուշադրությունը, ստեղծել հաղթող ու անպարտ բանակի պատրանք, հոգեբանորեն տրամադրել քաղաքացիներին պատերազմ գնալ և, անշուշտ, բարձրացնել իշխանության վարկանիշն ու դերը ժողովրդի աչքում։ Նույն նպատակներն են հետապնդում Ադրբեջանի ներկայիս իշխանությունները։

Սակայն կարծես թե նրանց ուշադրությունից վրիպել էր, որ հենց 1993-ի հունիսի 26-ին են հայկական ուժերն ազատագրել Մարտակերտը՝ ոչնչացնելով ադրբեջանական բանակի Լաչին-քարվաճառյան խմբավորումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *