Համաձայն ադրբեջանական իշխանամետ կայքերի՝ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը փնովել էր ընդդիմադիր Ազգային խորհուրդ խմբավորման առաջնորդներին:
Հունիսի 22-ին Գազիևը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ պետական պատվեր կատարող լրատվամիջոցները պարզապես իր անունից նյութեր են հրապարակել, իսկ ինքը խիստ զայրացած է նման սադրանքներից ու կոչ է անում մասնավորապես «Խալք Գազեթի» պարբերականին այլևս իր անունից թյուր հայտարարություններ չտպագրել:
Նշենք, որ Ազգային խորհուրդ խմբավորումը ձևավորվել է 2013-ի մայիսի 28-ին, քաղաքական դաշտում ներկայանում է՝ որպես Ադրբեջանի դեմոկրատական ուժերի խմբավորում:
Ռահիմ Գազիևը դժվար թե քննադատեր ընդդիմադիր խմբավորման անդամներին այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա մարտի 19-ին Գազիևին ձերբակալել էին անհայտ պատճառներով ու 6 ժամից հետո բաց թողել: Ձերբակալությունից օրեր առաջ նախկին նախարարը նամակ էր հղել նախագահ Իլհամ Ալիևին՝ քննադատելով ԶՈւ-ում տիրող կաշառակերությունն ու շեշտելով բարեփոխումների խիստ անհրաժեշտությունը:
Իշխանություններն այս ամենով չէին սահմանափակվել: Ապրիլի սկզբներին Գազիևին ևս մեկ անգամ կանչել էին ոստիկանություն՝ այս անգամ իշխանական ՀԿ-ի նախագահ Թահմասիբ Նովրուզովի բողոքի համաձայն: Նովրուզովը պնդում էր՝ իբր Գազիևը ապտակել ու վիրավորել է իրեն, սակայն այդպես էլ վկաներ ու ապացույցներ երևան չեկան:
Հավելենք նաև, որ դեռևս 1994-ին Գազիևին մեղադրել էին պետական դավաճանության և Շուշին հանձնելու մեջ՝ դատապարտելով մահապատժի այն դեպքում, երբ նախարարը Ռուսաստանում էր այդ ժամանակ: 1996-ին նրան արտահանձնման ենթարկեցին Ադրբեջան, որտեղ էլ 1998-ին նրա նկատմամբ դատավճիռը փոխվեց ցմահ բանտարկության: 2005-ին ԵԽԽՎ-ի պնդմամբ՝ Ալիևը ներում է շնորհել Գազիևին: Վերջին տարիներին նախկին նախարարը զբաղվում է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ: