Հրապարակվել է տարվա սկզբից Ադրբեջանի ԶՈւ կորուստների թիվը

Ընթացիկ տարվա սկզբից մինչ այժմ Ադրբեջանի հանրապետության պաշտպանական ու անվտանգության ոլորտներում կորուստների ընդհանուր թիվը 49 է։
Հունիսի 20-ին այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է Ադրբեջանի՝ «Դոկտրինա» լրագրողական-ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին։

Ընդ որում, Սումերինլիի խոսքերով՝ հունիսի 20-ի դրությամբ 49 զոհից 8-ը «մահացել են հայկական կողմի գնդակից», 41-ը ոչ մարտական զոհեր են։

Բացի այդ, դեռևս չբացահայտված պատճառով ու անհայտ պայմաններում մահացել է Ջամշիդ Նախիջևանեցու անվան ռազմական լիցեյի կուրսանտ Ռահիլ Ամիքիշիևը։ 41 ոչ մարտական զոհերից 6-ը մահացել են դժբախտ պատահարի (խեղդվել են, ընկել են, տանկի տակ են մնացել, էլեկտրահարվել են), 9-ը՝ ավտովթարի, 3-ը՝ ուղղաթիռի կործանման, 5-ը՝ հիվանդության, 10-ը՝ ինքնասպանության հետևանքով։

49 զոհից 39-ը ՊՆ-ի, 1-ը  պետական սահմանային ծառայության, 7-ը՝ ՆԶ-ի, 1-ը պետական պահպանության հատուկ ծառայության, 1-ը՝ ԱԻՆ-ի աշխատակիցներ են։

Ադրբեջանի բանակ.....

Վերջինս նշել է, որ տարվա սկզբից ԶՈւ համակարգում վիրավորների ու մարմնական այս կամ այն աստիճանի վնասվածք ստացածների թիվը 61 է։ Ընդ որում, 10-ը վիրավորվել են ոչ կանոնադրական հարաբերությունների, 4-ը՝ ինքնասպանության փորձի, 3-ը՝ քաղաքացիական անձերի հետ կռվի, 7-ը՝ «հայկական կողմի գնդակի», 1-ը՝ ականի պայթյունի, 4-ը՝ դժբախտ պատահարների (վերելակի հորանի մեջ է ընկել, հրդեհ, պայթյուն), 32-ը՝ ավտովթարի հետևանքով։

Հիշեցնենք, որ «հայկական կողմի գնդակի պատճառով» վիրավորված կամ սպանված ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հայտարարություններին արձագանքել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ փաստելով, որ դրանք ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն են, և հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը։

Սումերլին շեշտել է, որ իրենց հետազոտությունն այս անգամ հիմնված է հիմնականում ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների վրա։

Հավելենք, որ «Դոկտրինա» կենտրոնի հրապարակումները ԱՀ ԶՈւ կորուստների վերաբերյալ մեզ համար դեռևս միակ հասանելի և քիչ թե շատ վստահելի բաց աղբյուրն է։

4 responses to “Հրապարակվել է տարվա սկզբից Ադրբեջանի ԶՈւ կորուստների թիվը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *