Դեմ եմ աղջիկների ծառայությանը զորամասերում. Դավիթ Մկրտչյան

Ռազմինֆոն զորակոչի մեկնարկի հետ ներկայացնում է իր հեղինակային շարքը՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այսօրվա մեր զրուցակիցն է երևանցի Դավիթ Մկրտչյանը։

Նա ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտություն բաժնի մագիստրատուրան։

Դավիթ Մկրտչյան

Դավիթ Մկրտչյան

-Ի՞նչ զգացողություն ունեք, ամեն դեպքում, Դուք 18 տարին լրացած երիտասարդ չեք:

Անկեղծ ասած՝ հույս ունեի ընդունվել ասպիրանտուրա, քանի որ ցանկանում էի շարունակել ուսումս, սակայն չհաջողվեց, ինչևէ, արդեն տրամադրվել եմ և պատրաստ եմ ծառայել` անկախ տարիքից:

-Այսինքն՝ ամեն դեպքում կնախընտրեի՞ք չծառայել։

Խնդիրը ոչ թե բանակից խուսափելու, այլ ուսումը շարունակելու և իմ բնագավառում հնարավորինս մասնագիտանալու մեջ է, իսկ ասպիրանտուրա ընդունվելու դեպքում ուսանողն ավտոմատ ազատվում է բանակից, ինչն իմ կարծիքով սխալ է և ավելորդ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Ընտանիքում ինչպե՞ս է տրամադրությունը, սպասո՞ւմ էին իրադարձության նման զարգացման։

Ընտանիքս զինվորական է, հայրս արդեն 28 տարի ծառայում է զինված ուժերում, այնպես որ ընտանիքում նորմալ են ընդունում։ Մի փոքր ավելի դժվար է մայրիկիս համար, դա էլ բնական է, քանի որ կանայք ավելի զգացմունքային են: Ամեն դեպքում, պետք է նշել, որ ընտանիքում խնդիր չեն տեսնում ծառայության մեջ։

-Ասացիք՝ Ձեր հայրը զինվորական է, այդ դեպքում Դուք բանակի մասին պիտի որ ավելի շատ բան իմանաք, այդպե՞ս է։

Իհարկե, սովորական երիտասարդներից ավելի շատ բան գիտեմ։

-Արդյո՞ք դա Ձեզ օգնում է։

Այո, օգնում է, քանի որ մոտավոր գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ բանակում: Դա հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացում կազմել բանակի մասին և ավելի լավ տրամադրվել։

-Ինչպիսի՞ ստորաբաժանումում կուզենայիք ծառայել։

Կցանկանայի ծառայել իմ մասնագիտությամբ, քանի որ բանակից վերադառնալուց հետո մտադիր եմ շարունակել ուսումս։ Այսինքն՝ ռադիոհետախուզության ստորաբաժանումներում։

-Այն, որ Դուք ավելի մեծ տարիքում եք գնում բանակ դրակա՞ն, թե՞ բացասական կողմ է։

Կարծում եմ, որ ունի և´ դրական, և´ բացասական կողմեր: Դրական, քանի որ կյանքի ավելի մեծ փորձ ունեմ և կկարողանամ ավելի մեծ օգուտ քաղել ծառայությունից։ Բացասական, քանի որ ամեն դեպքում ինձ համար ավելի դժվար կլինի հարմարվել կենցաղային խնդիրներին։

-Կկոնկրետացնե՞ք, թե կենցաղային ինչ խնդիրների մասին եք ասում։

Բանակային օրակարգը խիստ տարբերվում է քաղաքացիական օրակարգից, հենց դա էլ կարող է դժվարություններ առաջացնել, քանի որ 6 տարի է՝ ինձ մոտ այդ օրակարգը գրեթե անփոփոխ է։

-Միայն օրակարգայի՞ն տարբերություններ։

Կարծում եմ` ամենամեծ խնդիրը հենց օրակարգին հարմարվելն է լինելու։

-Բանակում ինչի՞ց եք «վախենում»։

6:30 արթնանալուց։

Ինչո՞ւ։

Սովորաբար բավականին ուշ եմ քնում և ուշ էլ արթնանում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ բավականին արագ կկարողանամ հարմարվել նոր օրակարգին։

Davit Mkrtchyan 2

-Բանակային երկու տարին ինչպե՞ս եք պատկերացնում։

Քանի որ բարձրագույնավարտ եմ, կարծում եմ` ինձ կտանեն ուսումնական զորամաս, որտեղ 6 ամիս կսովորեմ ինչ-որ նոր մասնագիտություն, այ դրանից հետո չեմ պատկերացնում: Հույս ունեմ, որ բանակային տարիները հետագայում միայն մեծ հաճույքով կհիշեմ։

Շատ տղաներ բանակային երկու տարին ժամանակի իզուր կորուստ են համարում, ի՞նչ եք կարծում։

Չէ, իհարկե, կորուստ չէ, դրա մասին անգամ խոսք լինել չի կարող: Կյանքի փորձ է, որի շնորհիվ կարող ես շատ բաներ սովորել, վերջիվերջո նոր ծանոթություններ, նոր ընկերներ։

-Ի՞նչը կփոխեիք բանակային համակարգում։

Առաջին հերթին կառաջարկեի, որպեսզի պատահական վիճակահանությամբ որոշվեր, թե ով որտեղ է ծառայելու։ Բացի այդ զինվորներին օրվա ընթացքում ավելի շատ ազատ ժամանակ կտրամադրեի, կթույլատրեի բջջային հեռախոսի օգտագործում՝ չնայած հասկանում եմ նաև դրա հետ կապված բոլոր ռիսկերը։

-Ըստ Ձեզ, ո՞րն է ամեն դեպքում զինվորի առաքելությունը կամ դերը բանակում։

Հայաստանի Հանրապետության պարագայում երկրի սահմանների հսկողությունը։

-Ո՞ւմ կամ ինչը ամենաշատը կկարոտեք։

Ընտանիքիս, ընկերներիս, համացանցը։

Համացա՞նցը։

Այո, ինտերնետը, քանի որ այսօր այն շատ մեծ նշանակություն ունի և դժվար է պատկերացնել երիտասարդի կյանքն առանց ինտերնետի։

-Սիրած զբաղմունք ունե՞ք։

Սիրում եմ ֆուտբոլ և թենիս խաղալ։

-Ֆուտբոլի նախընտրած հավաքականը ո՞րն է։

Հայաստանից հետո Իտալիա։

-Ձեզ պայմանագրային զինծառայող պատկերացնո՞ւմ եք։

Ոչ, չեմ պատկերացնում, եթե պայմանագրային զինծառայող, ապա միայն ՊՆ արտաքին հարաբերությունների բաժնում։

-Ինչպիսի՞ն է վերաբերմունքը աղջիկների ծառայության նկատմամբ։

Բավականին բարդ հարց է։ Դեմ եմ աղջիկների ծառայությանը զորամասերում, իսկ ահա նախարարությունում և գլխավոր շտաբում աշխատանքին շատ նորմալ եմ վերաբերում։

-Եթե թողնեն Ձեզ հետ զորամաս մի բան տանեք, ապա ի՞նչ կվերցնեք։

Էլեկտրոնային գիրք կարդալու սարք, քանի որ սիրում եմ պառկած գիրք կարդալ։

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *