Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 14-20, 2014

Տավուշում նոր բնակարաններ են հանձնել ՀՀ ԶՈւ սպաներին • Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը ՊԲ արևելյան դիրքերում • ՊԲ-ում պատրաստվում են ձմեռային զորակոչին • ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստ • ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում • ՊՆ-ում հյուրընկալել են «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին, ԱՄՆ ու Գերմանիայի դեսպաններին:

Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի վկայագիրն ու բանալիները

Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի վկայագիրն ու բանալիները

• Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման է հանձնվել պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար:

12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականներ հանձնելով` նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարաններով:

Այնուհետ Սեյրան Օհանյանն այցելել է նաև ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտական հենակետեր:

• Դեկտեմբերի 16-ին Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը ծանոթացել են մարտական հերթապահության անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին:

Նախարար Սեյրան Օհանյանը Տավուշի դիրքերում

Նախարար Սեյրան Օհանյանը Տավուշի դիրքերում

Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը ծանոթացել են զինծառայողների առօրյային ու ծառայության պայմաններին

Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը ծանոթացել են զինծառայողների առօրյային ու ծառայության պայմաններին

• Դեկտեմբերի 18-ին Արցախում կայացել է Պաշտպանության բանակի ծառայողական խորհրդակցություն` նվիրված 2014-ի ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014-ի ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը: ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը համապատասխան հանձնարարականներ է տվել առաջիկա զորակոչի ճիշտ և անթերի կազմակերպման վերաբերյալ:

• Դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2014-ի ընթացքում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են նաև 2015 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները:

• ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՆԱՏՕ-ում հայաստանյան առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը դեկտեմբերի 18-ին մասնակցել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաշտպանության և անվտանգության հաստատություններում բարեվարքության ամրապնդման ծրագրի` Բարձրաստիճան առաջնորդների օրվա միջոցառումներին:

• Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկել է կիբերանվտանգության բնագավառում ընկերության աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերն ու ընկերության ուսումնական կենտրոններում ՀՀ ԶՈԻ անձնակազմի վերապատրաստման և որակավորման դասընթացներ կազմակերպելու հնարավորությանը:

Սեյրան Օհանյանը ԱՄՆ դեսպանին է հանձնել պաշտպանական գերատեսչության հուշանվերը

Սեյրան Օհանյանը ԱՄՆ դեսպանին է հանձնել պաշտպանական գերատեսչության հուշանվերը

• Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Դեսպանի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014-ի ընթացքում պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության արդյունքները:

• Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռեյներ Մորելին, ՀՀ-ում հավատարմագրված առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, գնդապետ Յոախիմ Բրունսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Միխաիլ Վեստերմանին։ Հանդիպումը կայացել է վերջինի՝ Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:

Ռազմաշաբաթը նաև Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *