Դեկտեմբերի 18-ին Արցախի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Պաշտպանության բանակի ծառայողական խորհրդակցություն` նվիրված 2014թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, Արցախի կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:
Խորհրդակցությունը բացել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ինչից հետո Արցախի գլխավոր զինկոմը զեկուցել է ընթացիկ տարվա ամառային զորակոչի արդյունքների մասին, մատնանշել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվեց գալիք տարվա ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը:
Բավարար գնահատելով ամառային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետն իր հերթին զեկուցել է զորամասերում և ստորաբաժանումներում` նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող նախապատրաստական գործընթացների ընդհանուր վիճակի մասին:
Վերջում, օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունը հրավիրել է նախատեսվող գործընթացների ճիշտ և անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ: