Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մարտի 16-22

Մեկ կորուստ «հայկական գնդակից», ևս մեկը՝ ավտովթարի հետևանքով, մեկն էլ՝ ինքնասպանության։ Նախկին զինծառայողը կտրել է երակները ՊՆ շենքի դիմաց։ Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկին սպառնացել են ՊՆ-ից։

-Ադրբեջանի զինված ուժերի 20-ամյա զինծառայող Հասանով Էլվին Չինգիզ օղլին, ադրբեջանական կողմի վարկածով, մարտի 17-ին Ֆիզուլիի ուղղության առաջնագծի հատվածում սպանվել է «հայկական գնդակից»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինծառայողին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով։

-Ադրբեջանի Բաքու-Սումգայիթ ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին մարտի 17-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի ենթասպա, 24-ամյա Ռաուֆ Զոհրաբ օղլու Իբրահիմովն էր, կորցրել է կառավարումը՝ բախվելով խաչմերուկի երկաթե պատնեշին։

ԱԻՆ աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ենթասպային տեղափոխել Սումգայիթի քաղաքային հիվանդանոց։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։

-Մարտի 22-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Զագաթալայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Քերիմով Ալիսահիբ Ալիբաքաթ օղլուն ինքնասպանություն է գործել։

-Ադրբեջանը, համաձայն Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) օրերս հրապարակած զեկույցի, 2009-2013 թթ. ժամանակահատվածում սպառազինության ներմուծման ծավալներով 19-րդ հորիզոնականում է։

-Օրերս Ադրբեջանի զինված ուժերի նախկին զինծառայող, 1972-ին ծնված, Բաքվի բնակիչ Ալի Մուհամեդ օղլու Ահմեդովը, կանգնելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց, կտրել է իր ձախ ձեռքի երակները։

-Օրերս Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկը՝ Ուզեիր Ջաֆարովը, հանդես է եկել մեղադրանքներով՝ ուղղված Զաքիր Հասանովին և ՊՆ նոր վերնախավին։ Ջաֆարովը հավաստիացրել է՝ ՊՆ-ի որոշ աշխատակիցներ սոցցանցային կեղծ էջերով սպառնալիքներ են ուղարկում իրեն։

Նկատենք, որ այս միջադեպն աչքի է ընկնում նրանով, որ առաջին անգամ հայտնի է դառնում նոր նախարարի կողմից ռազմական փորձագետներին հղված սպառնալիքների մասին։ Բացի այդ, ադրբեջանական լրատվադաշտում առաջին անգամ է նման խիստ բացասական երանգներով խոսվում Հասանովի անձի ու գործունեության վերաբերյալ:

-Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մասնակցելու են 2014-ի մարտի 18-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Բուլղարիայի Սելո քաղաքում կայանալիք, Saber Guardian զորավարժությունների ընթացքում համակարգչային ապահովման հրամանատարաշտաբային ռազմակրթական վարժանքներին։

Համանման վարժանք ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ իրականացվել էր դեռևս 2013-ի դեկտեմբերի կեսերին։

-Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ակադեմիայում մարտի 18-ին կայացել է ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որը միտված է ռազմակրթական մի շարք հարցերի քննարկմանը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *