Ադրբեջանում ավտովթարի հետևանքով ԶՈւ ենթասպա է մահացել

Ադրբեջանի Բաքու-Սումգայիթ ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին մարտի 17-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի ենթասպա, 24-ամյա Ռաուֆ Զոհրաբ օղլու Իբրահիմովն էր, կորցրել է կառավարումը՝ բախվելով խաչմերուկի երկաթե պատնեշին։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, ԱԻՆ աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ենթասպային տեղափոխել Սումգայիթի քաղաքային հիվանդանոց։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։ Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Նկատենք, որ սա 2014-ի մարտ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի երկրորդ կորուստն է, առաջին ոչ մարտականը։ Նույն օրը՝ մարտի 17-ին, Ադրբեջանի ՊՆ-ի վարկածով «հայկական գնդակից» առաջնագծում սպանվել էր 20-ամյա զինծառայող Հասանով Էլվին Չինգիզ օղլուն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *