Ֆրանսիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի A400M ռազմական բեռնատար ինքնաթիռը 2014-ի մարտի 10-ին առաջին անգամ կատարել է թռիչք Ատլանտյան օվկիանոսի վրայով։
Ինչպես հաղորդում է Defense Aerospace ռազմական կայքը, ինքնաթիռը թռիչք է կատարել Ֆրանսիայի Օրլեան քաղաքի 123-րդ ավիակայանից՝ վայրէջք կատարելով Կաբո-Վերդեում։ Որոշ ժամանակ անց շարունակել է թռիչքը՝ հասնելով իր կայանման վերջին նշանակետ՝ Ֆրանսիային պատկանող Մարտինիկի շրջանի Ֆորտ-դե-Ֆրանս։ Թռիչքն ընդհանուր առմամբ տևել է 12 ժամ։
Նկատենք, որ ըստ աղբյուրի՝ թռիչքի ողջ ընթացքում ինքնաթիռը կրել է շուրջ 2 տոննա կշռող բեռ, ինչպես նաև AS550 Fennec բազմանպատակային ուղղաթիռը։ Հետադարձ թռիչքն իրականացվել է առանց կայանումների՝ տևելով մոտ 9 ժամ։
Եվրոպական Airbus Military ընկերության արտադրած A400M Atlas բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն ունակ է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն՝ թռիչքներ կատարելով մինչև 9.3 հազար կմ հեռավորության վրա։
A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը մեկնարկել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009-ին, իսկ օդում վերալիցքավորվելու առաջին փորձարկումները՝ 2013-ի դեկտեմբերին։ Մեկ միավորի մոտավոր արժեքը կազմում է 136 մլն եվրո (շուրջ 188 մլն 81 հազար ԱՄՆ դոլար)։
Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ ակնկալում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M:
Հավելենք, որ Թուրքիայի և Airbus Group ընկերության միջև 2014-ի փետրվարին խնդիրներ էին ծագել թուրքական օդուժի համար նախատեսված առաջին A400M ինքնաթիռի հանձնման և ընդունման առնչությամբ։
Թուրքական կողմը ձգձգում էր ինքնաթիռի ընդունման գործընթացը, իսկ եվրոպական կոնցերն իր հերթին պնդում է, թե այն լիովին պատրաստ է, իսկ Անկարայի դիրքորոշումն անընդունելի է։