Ադրբեջանցի զինծառայողները մասնակցելու են Saber Guardian 2014-ի վարժանքներին

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները 2014-ի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում կմասնակցեն մի շարք միջազգային միջոցառումների, որոնք հիմնականում կրում են ռազմակրթական բնույթ։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, այդ միջոցառումների շարքում են 2014-ի մարտի 18-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Բուլղարիայի Սելո քաղաքում կայանալիք, Saber Guardian զորավարժությունների ընթացքում համակարգչային ապահովման հրամանատարաշտաբային ռազմակրթական վարժանքները։ Համանման վարժանք ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ իրականացվել էր դեռևս 2013-ի դեկտեմբերի կեսերին։

Հարկ է նշել, որ Saber Guardian 2014 զորավարժությունները մեկնարկելու են նախնական տվյալներով մարտի 24-ից,  տևելու են մինչև ապրիլի 4-ը, որպես անցկացման վայր նշված է Բուլղարիայի Նովո Սելո զորավարժարանը։ Վարժանքներին մասնակցելու են ամերիկյան զինուժը, Բուլղարիան, Ռումինիան, Վրաստանը, Բելգիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանը։

Որպես մասնակից հիշատակվում է նաև Ուկրաինան։

Saber Guardian 2014-ի հիմնական նպատակներից է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների միջև փոխգործակցության ամրապնդումը, համատեղ գործողությունների ճիշտ ծրագրումը և ի կատար ածումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *