Զաքիր Հասանովին քննադատող ադրբեջանցի փորձագետին սպառնացել են ՊՆ-ից

2013-ի հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակված Զաքիր Հասանովն ըստ էության որոշակի վարկանիշ ձեռք բերեց՝ որպես ՊՆ համակարգը բարձրաստիճան կաշառակեր զինծառայողներից «մաքրող» և «բարեփոխումներ կատարող» նոր նախարար։ Ի տարբերություն իր նախորդի՝ Հասանովի անունը մինչև վերջին միջադեպը չէր հիշատակվում ռազմական փորձագետների և զինված ուժերում տիրող կարգը քննադատող հասարակական անձանց հետապնդումների սկանդալներում։

Օրերս Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկը՝ Ուզեիր Ջաֆարովը, հանդես է եկել մեղադրանքներով՝ ուղղված Զաքիր Հասանովին և ՊՆ նոր վերնախավին։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական azpolitika.info լրատվակայքը, Ջաֆարովը հավաստիացրել է՝ ՊՆ-ի որոշ աշխատակիցներ սոցցանցային կեղծ էջերով սպառնալիքներ են ուղարկում իրեն։ Խոսքն ուղղելով Զաքիր Հասանովին՝ փորձագետն ընդգծել է. «Դուք նույնիսկ մեկ օր չեք մասնակցել մարտերին, սակայն  ներկայացնում եք Ձեզ որպես Արցախում կռված գեներալ։ Ես խոստանում եմ շարունակել Ձեր կեղծ անձի վերաբերյալ բացահայտումներս, թող որ ադրբեջանցիները տեսնեն, որ գեներալի ուսադիրներ կրող նախարարը մտածում է ոչ թե պատերազմի, այլ այն քայլերի մասին, որոնք կօգնեն հաշվեհարդար տեսնել իր դեմ խոսող անձանց հետ։ Ժողովուրդը տեղյա՞կ է այն մասին, որ Զաքիր Հասանովի կադրային փոփոխությունների հետևանքով ՊՆ-ն վերածվել է նրա բարեկամների ու ընկերների ակումբի»։

Ջաֆարովը քննադատության է ենթարկել նաև ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովին, որը Դաղստանի Ազգային հերոս է, միևնույն ժամանակ 20 տարի է՝ պաշտոնավարում է Ադրբեջանում, իսկ վերջինիս որդին բարձր պաշտոն է զբաղեցնում ֆինանսների նախարարություններում, Զաքիր Հասանովի որդին ևս բարձր պաշտոն ունի ոստիկանությունում։

Նկատենք, որ այս միջադեպն աչքի է ընկնում նրանով, որ առաջին անգամ հայտնի է դառնում նոր նախարարի կողմից ռազմական փորձագետներին հղված սպառնալիքների մասին։ Բացի այդ, ադրբեջանական լրատվադաշտում առաջին անգամ է նման խիստ բացասական երանգներով խոսվում Հասանովի անձի ու գործունեության վերաբերյալ, այն էլ մի փորձագետի կողմից, որը առաջիններից մեկն էր ժամանակին ողջունել Հասանովի նշանակումը՝ բազմիցս բարձրաձայնելով նոր նախարարից իր ունեցած մեծ սպասումների մասին։

Ինչ վերաբերում է Ջաֆարովի խոսքերին, ապա բարդ է ասել՝ արդյոք նրան սպառնացել են, և արդյոք իրականում էլ Հասանովը ՊՆ համակարգում պաշտոններ է բաժանում իր հարազատներին, քանի որ ՊՆ-ն մինչ օրս կադրային փոփոխությունների՝ նշանակումների ու հեռացումների մեծ մասի մասին նախընտրում է լռել, չի մեկնաբանում, մինչդեռ փաստ է, որ դրանք կայանում են։

Այնուհանդերձ, հարկ է անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչու Հասանովի մասին դրական տեսակետ հայտնած փորձագետը կտրուկ փոխում է իր դիրքորոշումը։ 18 տարի պաշտոնավարող Սաֆար Աբիևի հեռացումից ու Հասանովի նշանակումից քիչ անց աշխատանքիզ ազատվեցին ՊՆ մամուլի խոսնակն ու փոխխոսնակը։ Այդ ընթացքում ՊՆ-ի գործունեության վերաբերյալ ամենթարմ լուրերը հաղորդում էր Ջաֆարովը՝ թերևս ՊՆ-ում սեփական աղբյուրներն ունենալով։ Լուրեր շրջանառվեցին, որ փորձագետին առաջիկայում պաշտոն են առաջարկելու ԶՈւ համակարգում էլ կամ էլ կնշանակեն ՊՆ նոր խոսնակ, սակայն այս կանխատեսումները, որոնք ըստ էության իրականության հետ ունեին աղերսներ, չիրականացան։

2014-ի փետրվարից արդեն Ջաֆարովն ակտիվ էր լրատվադաշտում, քննադատական մեկնաբանություններ էր տալիս նոր նախարարի գործունեության վերաբերյալ, սակայն վերոհիշյալ սկանդալն առաջին միջադեպն էր, երբ փորձագետն անդրադարձավ նախարարի անձին ու նախկինում ծավալած գործունեությանը։