ԱՄՆ ռազմածովային ուժերի Truxtun ռազմանավը լքել է Սև ծովի ավազանը

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Truxtun հրթիռային ականակիր նավը 2014-ի մարտի 21-ին լքել է Սև ծովի ավազանը։ Մարտի 7-ից այստեղ նավարկող ռազմանավը Ռումինիայի և Բուլղարիայի ռազմածովային ուժերի հետ անցկացրել է նաև համատեղ զորավարժություն։ Այս մասին հայտնում է ամերիկյան Stripes ռազմական լրատվակայքը։

USS Truxtun ռազմանավը Բոսֆորի նեղուցում. լուսանկարը՝ Associated Press գործակալության

USS Truxtun ռազմանավը Բոսֆորի նեղուցում. լուսանկարը՝ Associated Press գործակալության

USS Truxtun ռազմանավը Բոսֆորի նեղուցում. լուսանկարը՝ Associated Press գործակալության

Ռազմանավի ժամանումը և Սև ծովում համատեղ զորվարժություններին մասնակցությունը նախատեսված էր դեռ վաղուց, սակայն ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատարությունը որոշեց երկարացնել Truxtun-ի պարեկությունն այս շրջանում՝ Ղրիմում ծայր առած իրադարձությունների պատճառով։

Սև ծովի ավազանում նավարության ընթացքում ռազմանավը զորավարժությանը մասնակցելուց բացի, իրականացրել է նաև մի շարք մանևրներ չեզոք ջրերում։ Միևնույն ժամանակ նավարկության հիմնական երթուղուց շեղվել և Միջերկրական ծովի արևելյան ափերում էր կանգ առել ԱՄՆ ՌԾՈւ հարվածային ավիակիր խումբը՝ USS George Bush ավիակրի գլխավորությամբ։

ՌԾՈւ ղեկավարությունը բացատրում էր դա Ուկրաինայում ծայր առած իրավիճակով և Ռուսաստանի հնարավոր անկանխատեսելի քայլերին պատրաստ լինելու անհրաժեշտությամբ։ Սակայն մարտի 21-ին արդեն հայտնի դարձավ, որ ավիակիր խումբը շարունակել է իր նավարկությունը, իսկ Truxtun ռազմանավն էլ լքում է Սև ծովի ավազանը։

Նշենք, որ 380 հոգանոց անձնակազմ ունեցող Truxtun հրթիռային ականակիր նավը արշավային երթով կարող է նավարկել մինչև 8 000 կմ։ Ռազմանավն ունի հրթիռային տարատեսակ սպառազինություն, այդ թվում՝ Tomahawk թևավոր հրթիռներ։ Truxtun-ի վրա առկա է սովորական և զենիթային հրետանի, ինչպես նաև տորպեդներ։ Անհրաժեշտության դեպքում տախտակամածի վրա կարող է վայրէջք կատարել մինչև երկու ուղղաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *