Զեկույց. Ադրբեջանի սպառազինության մի շարք գնումներ 2011-2013-ին

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ամենամյա զեկույցում ուշագրավ տվյալներ կան Ադրբեջանի վերաբերյալ, մասնավորապես Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Իսրայելի, Ուկրաինայի հետ կնքած գործարքների մասին։

Զեկույցում, մասնավորապես, Տ-90 տանկերից և ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներից բացի, հիշատակվում են նաև Ռուսաստանից ձեռքբերված 152մմ 2Ս19 «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգերը, 120մմ 2Ս31 «Վենա» ինքնագնաց ականանետները, 300մմ համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ կայանները (յուրաքանչյուրից 18 միավոր), ՏՕՍ-1Ա ծանր հրանետները (6 միավոր), ՏՈՌ-2ՄԷ զենիթահրթիռային համալիրները (8 միավոր) և «Սկորպիոն» ու «Սկորպիոն-Բ» տիպի զրահամեքենաները (2-ական միավոր)։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ 2012-ին Ռուսաստանը ՄԱԿ սպառազինությունների ռեգիստրին տվյալներ է ներկայացրել Ադրբեջանին 18 միավոր հրետանային համակարգ մատակարարելու մասին` առանց հստակեցնելու համակարգերի տեսակը։

Նշենք նաև, որ թեև «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» զեկույցում որպես «Վենա»-ների մատակարարման տարեթիվ նշվում է 2013-ը, բայց նախկինում արդեն տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ընթացիկ տարում նոր միայն սկսվել է այդ մեքենաների արտադրությունը։

Քիչ թե շատ վստահելի և հետաքրքրություն ներկայացնող տվյալների շարքում կարելի է հիշատակել թուրքական Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգերը (ԻՀՀ)։ Համաձայն զեկույցի տվյալների` 2011-ին Ադրբեջանը Թուրքիայից պատվիրել է 36 միավոր Տ-155 «Ֆըրթընա»՝ ընդհանուր 200 մլն դոլար արժողությամբ, որոնց մատակարարումը նախատեսված է 2014-2015 թվականներին։

«Fırtına» Т-155 հաուբիցներ

«Fırtına» Т-155 հաուբիցներ

Սակայն, իրականում «ադրբեջանական Ֆըրթընաների» ճակատագրում շատ բաներ դեռ պարզ չեն։ Նախ, հաշվի առնելով, որ սպառազինության առքուվաճառքի շուկայում գործարքում նշված ժամկետից ուշացումները սովորական երևույթ են, բարդ է ասել՝ արդյոք Թուրքիան 2014-2015-ին կկատարի գործարքի պայմանները, եթե այդպիսի գործարք ընդհանրապես եղել է։ Կան նաև խոչընդոտող այլ հանգամանքներ ևս։

Այսպես, 2011-ի հոկտեմբերին «Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայության կայքը գրել էր՝ գերմանական «ՄՏՈւ» (MTU) ընկերությունն արգելել է Թուրքիային վաճառել Ադրբեջանին Տ-155 «Ֆըրթընաներ». թուրքական արտադրության ԻՀՀ-ներում տեղադրված են գերմանական ՄՏՈւ ընկերության «MTU-881 KA 500» շարժիչներ, և արտահանման համար պահանջվում է գերմանական ընկերության թույտվությունը։

Գերմանիայի այս քայլի պատճառն Արցախյան հակամարտության կողմերից որևէ մեկին սպառազինությամբ աջակցելն արգելող որոշումն է, սակայն ադրբեջանցիները մեղադրում են «հայկական լոբբիին»։

Հաուբիցները գնելու շուրջ Ադրբեջանը 2010-ից էլր բանակցություններ վարում։

Իսկ 2013-ի հուլիսին ադրբեջանական մամուլը, հղում տալով թուրքական աղբյուրներին, տեղեկացնում է՝ թուրքական կողմն ուշացնում է այս հաուբիցների տրամադրումը, քանի որ խնդիր կա գերմանական շարժիչներն այլ արտադրության շարժիչներով փոխարինելու։ Թուրքերը փորձել էին ուկրաինական արտադրության շարժիչը, բայց խնդիրներ էին ի հայտ եկել։

Իսրայելից գնված սպառազինության ցանկում հիշատակման արժանի են «Բարաք-8» զենիթահրթիռային համալիրների մասին տվյալները։ Համաձայն զեկույցի` գործարքը ներառում է 9 միավոր համակարգի և 75 միավոր հրթիռի մատակարարում մինչև 2015-ը` ընդհանուր 200 մլն դոլար արժողությամբ։ Այնուհանդերձ, պիտի նշենք, որ այս գործարքի ճակատագրի մասին ամեն ինչ չէ, որ հստակ է։

 

Barak 8-ի արձակման կայան՝ հրթիռներով

Barak 8-ի արձակման կայան՝ հրթիռներով

Ներկա դրությամբ հնարավոր չէ ստուգել նաև զեկույցում նշված տվյալը 2012-ին Իսրայելից 2 միավոր EL/M-2080 «Green Pine» ՌՏԿ ՀՕՊ համակարգի գնման վերաբերյալ։ Դրանք տրամադրվելու են 2015-ին, գործարքի արժեքը 500 մլն ԱՄՆ դոլար է։

Այս ամենից բացի, զեկույցում հիշատակվում են Ուկրաինայից գնված 14 միավոր ԲՏՍ-5Բ զրահապատ վերանորոգող-տարհանող մեքենաները, Բելառուսում արդիականացված 27 միավոր Ս-125 զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև Հարավաֆրիկյան Հանրապետության մատակարարած հանգույցներով Ադրբեջանում հավաքված 30-ական միավոր «Marauder» և «Matador» զրահամեքենաները։

 

 

Matador զրահամեքենան 2011-ի հունիսի 26-ին Ադրբեջանի զորահանդեսին

Matador զրահամեքենան 2011-ի հունիսի 26-ին Ադրբեջանի զորահանդեսին

Կարդացեք նաև.

Զեկույց. Ադրբեջանը ՌԴ-ից գնել է 91 միավոր ԲՄՊ-3

Զեկույց. Ադրբեջանը ՌԴ-ից գնել է 94 միավոր Տ-90 տանկ

One response to “Զեկույց. Ադրբեջանի սպառազինության մի շարք գնումներ 2011-2013-ին

  1. Pingback: Ադրբեջանն առաջիկայում կստանա ՌԴ-ին պատվիրած ՏՕՍ-1Ա հրանետերի երկրորդ խմբաքանակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *