«Վենա» անունը կրող 2Ս31 ինքնագնաց հրետանային համակարգը (ԻՀՀ) առաջին անգամ ցուցադրվել է IDEX-97 սպառազինության ցուցահանդեսին, որը կայացել է 1990-ականներին։
Նշենք, որ այդ ժամանակ «Վենա» ԻՀՀ-ն այդպես էլ պատվիրատուներ չունեցավ։
Ավելին, այն սերիական արտադրության չէր դրվում, մի քանի նմուշներ գտնվում էին ՌԴ տարբեր փորձարարական կենտրոններում։ Այնուհանդերձ, ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ ՌԴ ԶՈւ-ին տրամադրվել էր «Վենա»-ների որոշ խմբաքանակ։
Վերջին զարգացումների համաձայն՝ այս ԻՀՀ-ների արտադրության բնագավառում առաջընթաց է գրանցվել։
«Կուրգանմաշզավոդը» սկսել է 18 միավոր 2Ս31 «Վենա» ԻՀՀ-ի արտադրությունը, որոնց պատվիրատուն, համաձայն Անդրեյ Տարասենկոյի՝ զրահատեխնիկայի վերաբերյալ բլոգի, Ադրբեջանն է։
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն արձագանքել այս տեղեկությանը։
Հիշեցնենք, որ ռուսական «Վեդոմոստի» պարբերականը դեռևս 2013-ի հունիսի սկզբներին տվյալներ էր հրապարակել։ Ըստ դրանց՝ Ադրբեջանը Ռուսաստանի պայմանագիր է կնքել՝ 94 միավոր Տ-90Ս տանկեր, 100 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա, 18 միավոր «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգ, 18 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 միավոր «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգ և 6 միավոր «Բուռատինո»-ի արդիականացված տարբերակի՝ «ՏՕՍ-1Ա Սոլնցեպեկ» հրանետի ձեռքբերելու վերաբերյալ։
Ուստի, այն, որ արտադրվող 18 միավոր «Վենա» ԻՀՀ-ների պատվիրատուն Ադրբեջանն է, թերևս հավաստի տեղեկություն է։
Հավելենք, որ 2Ս31 «Վենա» ԻՀՀ-ն 120 մմ տրամաչափի հրետանային համակարգ է, ստեղծվել է ԲՄՊ-3-ի ամրաշրջանակի հիմքի վրա Պերմի գործարանում։
Այն նախատեսված է մինչև 13 կմ հեռավորության հակառակորդի կենդանի ուժի, հրետանային ու ականանետային մարտկոցների, հրթիռային համակարգերի, զրահապատ թիրախների, կրականետ համակարգերի և կառավարման կետերի ոչնչացման համար։ Ընդ որում, այն ունակ է ինքնակառավարել կրակը, ինքնուրույն իրագործել թիրախի նկատմամբ հետախուզություն ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերվա ժամերին, վարել դիպուկ կրակ դարանային դիրքերից, ուղիղ նշանառությամբ՝ առանց կրակային դիրքի նախապես պատարստման։