ԱՄՆ ռազմածովային գիտահետազոտական NRL լաբորատորիան առաջին անգամ XFC UAS (eXperimental Fuel Cell Unmanned Aerial System) անօդաչու թռչող սարք է փորձարկել ջրի տակից՝ սուզանավից արձակելով։ Պաշտոնական տվյալներով՝ փորձարկումը հաջող է անցել։
NRL-ի վկայությամբ՝ արձակումից հետո սարքն օդում է մնացել մի քանի ժամ, ապա վայրէջք է կատարել Բահամյան կղզիների ԱՄՆ ՌԾՈւ ռազմակայանում։
Նշենք, որ արձակումը կայացել է «Պրովիդենս» անունը կրող սուզանավից։ Արձակման համար կիրառվել է հատուկ մշակված Sea Robin կոնտեյները, որն իր հերթին տեղավորվում է Tomahawk (տոմահավկ) թևավոր հրթիռների արձակման կոնտեյներում։ Կոնտեյները բաց է թողնվել 533 մմ տրամաչափի ստանդարտ տորպեդային սարքավորումից։ Արձակումից հետո Sea Robin-ը ջրի երես է բարձրացել՝ իրականացնելով ԱԹՍ-ի ուղղահայաց արձակում։
XFC UAS-ի թռիչքից հետո կառավարումն իրականացվել է սուզանավի կայանից։ Տեսագրումն ԱԹՍ-ից արվել է առցանց։ Ըստ նախագծողների՝ այս ԱԹՍ-ի առանձնահատկությունն այն է, որ վերջինս օգտագործում է միայն էլեկտրաքիմիական սարքավորումից ստացած էներգիան։ Դրա համար էլ ԱԹՍ-ն օդում ունակ է մնալ մինչև 6 ժամ։
Հավելենք, որ Sea Robin կոնտեյներն ու շարժական թևերով ԱԹՍ-ն նախագծվել են ԱՄՆ ՌԾՈւ գիտահետազոտական NRL լաբորատորիայի, SwampWorks ընկերության ու ԱՄՆ ՊՆ արագ արձագանքման տեխնոլոգիաների կառավարման վարչության համատեղ ջանքերով։ Համակարգի ստեղծման աշխատանքները տևել են շուրջ 6 տարի։