Զեկույց. Լեհաստանը Հայաստանի համար 84 տանկ է արդիականացնում

Հայտնի են դարձել տանկերի արդիականացման հայ-լեհական գործարքի մանրամասները։ Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցի համաձայն՝ 84 միավոր Տ-72 հայկական տանկեր պիտի արդիականացվեն մինչև PT-72U մակարդակի։

Լեհական կողմի հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է 2012-ին։

Պայմանագրով նախատեսված է, որ 84 տանկերից 24-ն արդիականացվելու են 2013-ի ընթացքում, 30-ական տանկ էլ արդիականացվելու են 2014 և 2015 թվականներին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 100 մլն ԱՄՆ դոլար է։

Նշենք նաև, որ համաձայն Ռազմ.ինֆոյի գնահատականների, հայկական բանակը ընդհանուր առումով ունի շուրջ ~530-540 միավոր Տ-72։ Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Հայաստանի ու Ադրբեջանի «տանկային բալանսի» խնդիրը հոդվածում։

Բացի այդ` նույն կենտրոնը տվյալներ է հրապարակել նաև ԲՄՊ-2-ների վերանորոգման և չինական համազարկային կրակի AR1A ռեակտիվ կայանների ձեռքբերման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Լեհաստանի միջև ռազմարդյունաբերական համագործակցությունը աշխուժացավ 2011 թվականից հետո, իսկ 2013-ի մայիսին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանը պատրաստվում է արդիականացնել իր Տ-72 տանկերը մինչև PT-72U մակարդակի, որն առաջարկում է լեհական «Bumar Łabędy» («Բումար Լաբեդի») ընկերությունը։

Լեհական արդիականացման նկատմամբ հայկական կողմի հետաքրքրությունը սկսվել էր դեռ 2011 թվականից, երբ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «MSPO-2011» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ այցելեց «Bumar Łabędy» լեհական ընկերության տաղավար, որտեղ էլ նրան ներկայացվեց PT-72U տանկը։ Փաստորեն 84 տանկի արդիականացման պայմանագիրը կնքվել է շուրջ մեկ տարի հետո։

Լեհական «Bumar» ընկերության PT-72U տանկը։

Լեհական «Bumar» ընկերության PT-72U տանկը։

Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են նաև հետագայում։ Այսպես, 2013-ի հուլիսին Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին։

PT-72U տանկը խորհրդային Տ-72 տանկի արդիականացումն է։ Այն հիմնականում նախատեսված է քաղաքային պայմաններում ու այսպես կոչված լոկալ պատերազմներում մարտեր վարելու համար։ Լեհական տանկի վրա տեղադրված է 1000 ձիաուժանոց շարժիչ (բազային Տ-72 տանկերի վրա տեղադրված է 780 ձիաուժանոց)։ Հզորացված է դինամիկ զրահը, տանկի աշտարակի ու իրանի հետին մասերում ամրացված են ցանցային հակակումուլյատիվ էկրաններ։ Մեխանիկ-վարորդի աշխատանքային տեղի հատակում ամրացված են հակաականային լրացուցիչ զրահաթիթեղներ։ Աշտարակին տեղադրված է տուրել, որի վրա ամրացված է 12.7 մմ տրամաչափով հեռակառավարվող գնդացիր։ Տանկն ունի նաև տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս տանկի բոլոր կողմերը։

Նշենք, որ Լեհաստանն ունի տանկաշինական հարուստ ավանդույթներ։ Դեռևս Խորհրդային Միության գոյության ու Վարշավյան պակտի երկրների համագործակցության շրջանում Լեհաստանը ԽՍՀՄ-ից Տ-72Մ1 տանկեր արտադրելու արտոնագիր է ստացել ու արտադրել է դրանք PT-91 Twardy անվանումով։ Բացի այդ, ԽՍՀՄ արտոնագրով Լեհաստանում արտադրվել են նաև Տ-55 ու Տ-54 տանկեր։ Լեհաստանը նաև արտահանել է այդ տանկերը։ Ներկայումս Լեհաստանը փորձեր է կատարում նաև սեփական տանկ ստեղծելու ուղղությամբ։

One response to “Զեկույց. Լեհաստանը Հայաստանի համար 84 տանկ է արդիականացնում

  1. Pingback: Հայկական 84 հատ տանկ արդեն արդիականացվում է « Կորեոլան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *