Զեկույց. Ադրբեջանը ՌԴ-ից գնել է 94 միավոր Տ-90 տանկ

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ամենամյա զեկույցում հետաքրքիր տվյալներ կան նաև Ադրբեջանի՝ Ռուսաստանից գնված 94 միավոր Տ-90Ս տանկերի վերաբերյալ։ Մասնավորապես զեկույցում նշվում է, որ գործարքի ընդհանուր արժեքը շուրջ 320 մլն ԱՄՆ դոլար է։

Պայմանագիրը կնքվել էր 2011-ին, և նախատեսված էր այն լիովին կատարել 2013-ին, սակայն ակնհայտ է, որ ինչպես սովորաբար լինում է, պայմանագրի կատարման ընթացքում զգալի ուշացումներ են լինելու։ Ինչպես և ԲՄՊ-3-ների դեպքում, Տ-90Ս-երի մատակարարման ավարտը ևս պետք է ակնկալել 2014-2015 թվականներին։

«Տ-90» տանկերը։

«Տ-90» տանկերը։

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում գործարքի արժեքը։ Ինչպես նշեցինք, գործարքի ընդհանուր արժեքը շուրջ 320 մլն դոլար էր, այսինքն՝ մեկ տանկը վաճառվել է մոտ 3.4 մլն դոլարով։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ադրբեջանի՝ Տ-90Ս-երը պատվիրելու շրջանում՝ դեռևս 2011-ին, ՌԴ ԶՈւ այն ժամանակվա ԳՇ պետ Նիկոլայ Մակարովը ռուսական սպառազինության հնացած լինելու և թերացումների համատեքստում հայտարարել էր՝ Տ-90-ն իրականում Տ-72-ի 17-րդ մոդիֆիկացիան է, և Տ-90-ի շուկայական գինը 118 մլն ռուսական ռուբլի է, այսինքն՝ շուրջ 4.2 մլն ԱՄՆ դոլար։ Ստացվում է, որ եթե հավատանք Նիկոլայ Մակարովի տվյաներին, ապա Ադրբեջանը ձեռք է բերել Տ-90 տանկերն ավելի էժան, քան նույն շրջանում դրանք ձեռք էր բերում ՌԴ ԶՈւ-ն։

Հասկանալի է, որ ՌԴ ԶՈւ-ին մատակարարվող և արտահանվող տանկերը որոշակիորեն տարբերվում են, ինչն էլ, բնականաբար, ազդում է դրանց գնի վրա։ Սակայն այս համատեքստում ուշագրավ են նույն զեկույցի տվյալները նույն ժամանակահատվածում այլ երկրներին մատակարարված Տ-90Ս (հիշեցնենք, որ «Ս» ինդեքսով նշանակվում են տանկի արտահանվող տարբերակները) տանկերի գները։

Երկիր Պայմանագրի կնքնման տարեթիվը Տանկերի քանակը Գործարքի արժեքը Մեկ միավորի արժեքը՝

Ադրբեջան 2011 94 320 ~3.4
Ալժիր 2011 120 470 ~3.92
Թուրքմենստան 2011 30 80 ~2.67
Ուգանդա 2010 44 180 ~4.09

Ինչպես երևում է աղյուսակում բերված թվերից, Ադրբեջանը մեկ միավոր տանկի համար վճարել է ~690000 և ~520000 ԱՄՆ դոլար ավելի քիչ, քան համապատասխանաբար Ուգանդան և Ալժիրը։ Ադրբեջանցիներից քիչ մեկ միավոր Տ-90Ս-ի համար վճարել է միայն Թուրքմենստանը, սակայն, հաշվի առնելով, որ Թուրքմենստանին տանկերը վաճառվել են մյուսներից էապես ավելի ցածր գնով, կարելի է ենթադրել, որ դրանք արտադրվել են շատ ավելի վաղ։ Նաև հնարավոր է, որ դրանք նոր չեն եղել։

Վերջում հավելենք նաև, որ ադրբեջանական Տ-90Ս տանկերի նկարներն առաջին անգամ ցանցում հայտնվեցին 2013-ի հունիսի 15-ին, իսկ արդեն հունիսի 26-ին դրանք ցուցադրվեցին Ադրբեջանի ԶՈւ օրվան նվիրված զորահանդեսին։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյաների համաձայն՝ վերջին տասնամյակում Ադրբեջանը ձեռք է բերել 168 միավոր Տ-72 (հիմնականում Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից)։ Այս ամենին ավելացել են նաև վերոնշյալ 94 միավոր Տ-90Ս տանկերը, որոնց մատակարարումը սկսվել է միայն 2013-ին, և ակնկալվում է, որ կավարտվի 2015-ին։

Ադրբեջանի այլ ձեռքբերումների մասին.
Զեկույց. Ադրբեջանը ՌԴ-ից գնել է 91 միավոր ԲՄՊ-3
Ծանոթացեք նաև Հայաստանի ձեռքբերումների մասին տվյալներին.
• Զեկույց. Լեհաստանը Հայաստանի համար 84 տանկ է արդիականացնում
• Զեկույց. Հայաստանի ԲՄՊ-2-ները վերանորոգվում են Ռուսաստանում
• Զեկույց. 6 միավոր «չինական Սմերչ» Հայաստանին

3 responses to “Զեկույց. Ադրբեջանը ՌԴ-ից գնել է 94 միավոր Տ-90 տանկ

  1. Pingback: Զեկույց. Ադրբեջանը ՌԴ-ից գնել է 94 միավոր Տ-90 տանկ Ռազմ .Info | armday

  2. Pingback: ՌԴ-ն Ադրբեջանին տրամադրել է 100 միավոր Տ-90Ս տանկեր. հնարավոր է ևս 100-ի փոխանցումը | Ռազմ.info

  3. Pingback: «Ուրալվագոնզավոդը» փոխանցում է՝ Ադրբեջանը դեռ չի ստացել նախատեսված Տ-90Ս տանկերից 30-ը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *