Առաջիկայում ՌԴ-ն Ադրբեջանին ուղարկելու է վերջինիս պատվիրած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետերի հերթական խմբաքանակը։ Այս մասին հաղորդել է ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության ներկայացուցիչը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։
Ըստ աղբյուրի՝ խմբաքանակը ներառում է 6 միավոր նման հրանետ։ Ընդ որում, պատվիրած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկը» նախատեսված է ադրբեջանական զինուժին տրամադրելուց առաջ ռուսաստանյան կողմի մասնագետների նախաձեռնությամբ փորձարկել Ադրբեջանի տարածքի զորավարժարաններից մեկում։
«Ուրալվագոնզավոդի» ներկայացուցիչը տեղեկացրել է՝ Ադրբեջանի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ ադրբեջանական կողմը պետք է ստանա ընդհանուր առմամբ 18 միավոր «Տոս-1Ա» Սոլնցեպյոկ, 2013-ին Ադրբեջանին արդեն տրամադրել են 6 միավորից բաղկացած առաջին խմբաքանակը։
Հավելենք, որ Ադրբեջանը լայնորեն համագործակցում է «Ուրալվագոնզավոդի» հետ, որը հանդիսանում է նաև Տ-90Ս տանկերի ադրբեջանական պատվերի կատարողը, բացի այդ էլ, Բաքվում ծրագրում է հիմնել ռուս-ադրբեջանական համատեղ վագոնաշինական գործարան։
Նկատենք, որ ՏՕՍ-1Ա-ն շահագործում են ՌԴ-ն, Ղազախստանն ու Ադրբեջանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի հունիսի սկզբին համացանցում տարածվել էին Ադրբեջանի ստացած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկների» լուսանկարները, իսկ 2013-ի հունիսի 26-ին դրանք ցուցադրվել էին Բաքվի ռազմաշքերթի ժամանակ։ 2013-ի դեկտեմբերին Ադրբեջանի ձեռքբերած 6 միավոր հրանետերի մասին հայտնի էր դարձել նաև ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ամենամյա զեկույցից։
Նշենք, որ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետը տարբերվում է բազային մոդելից փողերի ավելի քիչ քանակով։ ՏՕՍ-1 «Բուրատինո» համակարգը կազմված է ԲՄ-1 մարտական մեքենայից՝ 220 մմ տրամաչափի տերմոբարիկ հրթիռների համար նախատեսված արձակման կայանով, ընդգրկում է նաև ՏԶՄ-Տ տրանսպորտային-լիցքավորող մեքենա։
ՏՕՍ-1 «Բուրատինո» համակարգն ունակ է խոցել 3,6-6 կմ հեռավորության վրա տեղակայված թիրախները, իսկ ազդեցության տարածությունը կազմում է 1000-2000 մ², առավելագույն արագությունը՝ 65 կմ/ժ։