Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 18-24

1 զոհ, մեկ վիրավոր հայ-ադրբեջանական սահմանին։ Ռազմագերին նամակ է ուղարկել։ Օհանյանի այցը սահմանագոտի։ 20 տարի առաջ ազատագրվեց Ֆիզուլին։ Նոյեմբերյանում հակառակորդը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա։ ՀՀ-ում ադրբեջանցի է ձերբակալվել։ Ազատամարտիկների խորհուրդը Վանաձորում է։ Դավիթ Ջամալյանը նախարարի խորհրդական։ Հայ-ռուսական զորավարժություն։ ՀՀ ԶՈւ թիմը վերջին տեղում է տանկային բիաթլոնում։ Զինդատախազության հայտարարությունը՝ ԶՈւ-ում մահվան ելքով դեպքերի հետ կապված աշխատանքային խմբի վերաբերյալ

1. Օգոստոսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հակառակորդի գնդակից զոհվել է Սյունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Նորայր Պետրոսյանը, վիրավորվել՝ Արթուր Ասոյանը։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

ՊՆն պգոստոսի 24-ին նշել է, որ ձեռք բերված տվյալները հիմք են տալիս եզրակացնելու, որ հայ զինվորներին հրազենային վնասվածքները պատճառվել են հակառակորդի դիպուկահար կրակից, 700-800 մետր հեռավորությունից: ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Կրկին հիշեցնում ենք, որ այսուհետ հայ կամ ադրբեջանցի զինվորի ցանկացած կյանքի կորստյան համար ուղղակի պատասխանատվությունը կրելու է անձամբ Ադրբեջանի նախագահը և նրա ռազմաքաղաքական վարչակազմը»։

 

2. Օգոստոսի 20-ին ԿԽՄԿ երևանյան գրասենյակից նամակ են ստացել Հակոբ Ինջիղուլյանի ծնողները։ Նամակում գրված էր, որ բարևում է, ինքը լավ է, իրեն այնտեղ լավ են վերաբերում։

ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 23-ին առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնիի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ, որոնց ժամանակ քննարկվել է Հակոբ Ինջիղուլյանի հարցը։ 

 

3. Օգոստոսի 20-21-ը Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, մասնավորապես, բանակային զորամիավորման մի շարք զորամասեր, ծանոթացել է զորամասերում իրականացվող շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Նախարարը ծանոթացել է նաև զորամասերում գործող զինվորական ճաշարանների շենքային և սանիտարահիգենիկ պայմաններին, նախաճաշել է զինվորների հետ, ինչպես նաև եղել մարտական հենակետերում։

4. 1993 թվականի օգոստոսի 22-ին հայկական ուժերը Ֆիզուլիում, հետ շպրտելով հակառակորդին, անցնում են հակագրոհի և ամրանում սահմանային բարձունքներում:

5. Օգոստոսի 20-ին Նոյեմբերյանի հատվածում հակառակորդը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա։ «Բարեբախտաբար մեքենային էլ չեն կպել։ Տուժածներ չկան»,- նշեց մամուլի քարտուղարը։

6. Օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մերձակայքում ՀՀ սահմանապահները ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել են, որ ձերբակալվածը ազգությամբ ադրբեջանցի է։

7. Ազատամարտիկների խորհուրդը օգոստոսի 22-ից նստացույց է սկսել Վանաձորում։ Ավետիսյանը նշել է նաև, որ Լոռու մարզի մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը մոտեցել են և իրենց նախաձեռնությանը հավանություն են տվել։ «Մեր պահանջագրից մի օրինակ էլ իրենք վերցրին՝ ինչ-որ կերպ օգնելու համար»։

8. Դավիթ Վրույրի Ջամալյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։ Նշանակումը կատարվել է՝ համաձայն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որոշման։

9. Օգոստոսի 19-24-ը Հայաստանի տարածքում՝ Ալագյազի լեռնային զորավարժարանում, հայ-ռուսական համատեղ զորավարժություն էր։ Մարտական հրաձգությամբ ուղեկցվող զորավարժությանը մասնակցում են ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտոհրաձգային ուժեղացված գումարտակի և Հայաստանի խաղաղապահ ուժերի հրաձգային գումարտակի զինծառայողները։

10. Օգոստոսի 17-ին մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում կայացավ տանկային բիաթլոնի վճռորոշ մրցումները, որտեղ Հայաստանի պատվիրակությունը զբաղեցրեց վերջին հորիզոնականը։ Առաջին հորիզոնականում Ռուսաստանն էր, երկրորդում Ղազախստանը, երրորդում՝ Բելառուսը։

Ռազմաշաբաթը նաև՝

Թուրքիայում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *