Ազատամարտիկների խորհուրդը Վանաձորում անժամկետ նստացույց է սկսել

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ազատամարտիկների խորհուրդն անժամկետ նստացույց է սկսել Վանաձորում։ «Մենք Վանաձորի մարզպետարանի դիմաց ենք, մոտ 50 հոգի կլինենք»։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը։

Ավետիսյանը նշեց նաև, որ Լոռու մարզի մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը մոտեցել են և իրենց նախաձեռնությանը հավանություն են տվել։ «Մեր պահանջագրից մի օրինակ էլ իրենք վերցրին՝ ինչ-որ կերպ օգնելու համար»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ից ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց սկսեց Ազատության հրապարակում։ Դրանից հետո նրան միացան բազում ազատամարտիկներ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի մարզերից։ Հունիսի 7-ին նրանց ընդունեց վարչապետ Տիգրան Սարգսյանն ու լսեց նրանց առաջարկների մասին։

Նշենք, որ հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության ու ՀՀ ազգային անվտանության ծառայության ներկայացուցիչներից:

Հանձնաժողովի խնդիրն է լինելու մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, մարտական գործողությունների մասնակիցների հաշվառումը, նրանց կարգավիճակի ճշտումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը և սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *