Կառավարական հանձնաժողովը հստակեցրել է, թե Խրունիչևի անվան տիեզերական կենտրոնի ղեկավարությունն ինչ մեղավորություն ունի 2013 թվականի հուլիսի 2-ին թվով երեք «Գլոնաս-Մ» նավիգացիոն արբանյակների հետ «Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչի վթարի հարցում։
Ինչպես նշվում է, աշխատանքից ազատվել են Խրունիչևի անվան տիեզերական կենտրոնի որակի վերահսկողության պատասխանատու, տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կոբզարը, վերջնական հավաքման կետի ղեկավար Վալերի Գրեկովը, տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Միխայիլ Լեբեդևը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դիմիտրի Ռոգոզինը։
Ըստ Ռոգոզինի՝ աշխատանքից ազատվել են նաև մի շարք այլ աշխատակիցներ, որոնք կապ են ունեցել հրթիռ-կրիչի վերջնական հավաքման հետ։ Թե Դաշնային տիեզերական գործակալության պատասխանատվությունը ինչպիսին կլինի, կպարզվի վերջնական ստուգումներից հետո։ Վերջնական եզրակացությունը կլինի 2013 թվականի սեպտեմբերի 20-ին։
Նշենք, որ վթարի հենց առաջին օրվանից հավանական պատճառների շարքում եղել են անկյունային արագությունների ընկալող-հաղորդող սարքի ոչ ճիշտ տեղադրումը, դրանց սխալ միացումը, առաջին փուլում շարժիչային համակարգում խափանումը , օքսիդացնող խողովակաշարում հրդեհի բռնկումը, մեկնարկի կետում սարքավորումների խափանումը։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչը թվով երեք «Գլոնաս-Մ» նավիգացիոն արբանյակների հետ վայր է ընկել արձակումից մեկ րոպե անց։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից վաղ առավոտյան։
Այս տիպի մեկ հրթիռի արժեքը կազմում է շուրջ 100 մլն ամերիկյան դոլար։
Pingback: «Պրոտոն-Մ» հրթիռ-կրիչը վայր է ընկել արձակումից 9 րոպե անց (վիդեո) | Ռազմ.info