Ռումինիայի ՊՆ հրամանով քննվելու են Աֆղանստան ուղարկելու համար կաշառքի մասին լուրերը

Ռումինիայում ստեղծում են հատուկ հանձնաժողով՝ զինծառայողներին Աֆղանստան ուղարկելու համար ստացված կաշառքների մասին լուրերը քննելու նպատակով։

Հանձնաժողովը ստեղծվելու է Ռումինիայի պաշտպանության նախարար Միրչա Դուշայի հրահանգով։ Հետաքննությունն ընթանալու է «Կարմիր կարիճներ» անունը կրող էլիտար հետևակային գումարտակում, որտեղից էլ հիմնականում Աֆղանստան են ուղարկում։

Նշենք, որ նախարարությունը ստացել է ավելի քան 100 բողոք մի շարք զինվորականների կողմից, որոնք ցանկություն էին հայտնել մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելությանը, սակայն պարզել էին, որ այնտեղ գնացող թեկնածու զինծառայողներին արդեն կանխորոշված են։

Պաշտպանության նախարարը շեշտել է, որ իրենց ուղարկված բողոքի դիմումներից միայն 7-ն է ստորագրված, մյուսներն անանուն են, բայց ստուգումներն անցկացվելու են։

Հավելենք, որ Աֆղանստանում Ռումինիայի խաղաղապահ առաքելությունն ավարտվում է առաջիկա տարիներին։ Չի բացառվում, որ ընթացիկ տարվա գործուղումը լինի վերջինը, ուստի զինծառայողների համար սա փաստորեն վերջին հնարավորությունը կարող է լինել Աֆղանստան գնալու։ Աֆղանստանում խաղաղապահ առաքելության մասնակցությունը համարվում է ոչ միայն պատիվ, այլև նյութական տեսանկյունից շահավետ է։ Բացի աշխատավարձից, ռումինացի զինծառայողներն Աֆղանստանում օրեկան ստանում են 95 դոլար։

Հիշեցնենք, որ ռումինացի զինվորները խաղաղապահ առաքելություն են իրականացնում ՆԱՏՕ զորքերի շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *