1993-ի ամառը հագեցած էր ռազմաքաղաքական ու տարածաշրջանային սրընթաց զարգացումներով և Արցախի ռազմաճակատներում հայերի հաղթանակներով: Իրադարձությունների այս ընթացքը սկսվել էր դեռ 93-ի գարնանը, երբ հայկական ուժերն ազատագրել էին Քարվաճառը:
Հուլիսի վերջին` Աղդամի (Ակնա) ազատագրումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն, ի հավելումն թիվ 822-ի, ընդունում է նաև թիվ 853 բանաձևը` պահանջելով հայկական ուժերի դուրսբերումը նշված տարածքներից, և հակամարտող կողմերին կոչ էր անում ԵԱՀԽ շրջանակներում շարունակել բանակցությունները:
Այդ ընթացքում ծանր մարտեր էին ընթանում ինչպես Արցախի բոլոր ռազմաճակատներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում: «Թշնամին նոր լայնածավալ հարձակում է ձեռնարկել», «Ռազմական գործողությունները թեժանում են», «Ուժգին ռմբակոծվել է Կապանը». 93-ի ամռանն այսպիսի վերնագրեր ամեն օր հանդիպում էին հայկական լրատվամիջոցներում:
Հուլիսի վերջին հայկական և ադրբեջանական կողմերի միջև հինգօրյա զինադադար էր կնքվել, որը, սակայն, չէր երկարաձգվել և օգոստոսի սկզբին վերսկսվել էին ռազմական գործողությունները: Նկատելիորեն ակտիվացել էր ադրբեջանական օդուժը, որը մեծ ավերածություններ էր գործում հայկական բնակավայրերում` մարդկային զոհերի պատճառ դառնալով: Այսպես` օգոստոսի 12-ին և 13-ին Ֆիզուլու (Վարանդա) շրջանից հրետակոծվում են Մարտունու և Հադրութի հայկական բնակավայրերը, իսկ 17-ին Հադրութ շրջկենտրոնի վրա է նետվում կեստոննայանոց երկու ռումբ: Զանգելանի և Կուբաթլուի ռազմական հենակետերից հրետակոծվում է Կապան քաղաքը: Օգոստոսի 17-ին ԼՂՀ ՀՕՊ ուժերը ոչնչացնում են ադրբեջանական մեկ ինքնաթիռ: Օգոստոսի 18-ի առավոտյան ադրբեջանական երեք ինքնաթիռ ռմբակոծում են Կապան քաղաքը. ավերվում է բնակելի 5 տուն, զոհվում է 12, վիրավորվում 30-ից ավելի խաղաղ բնակիչ:
Խաղաղ բնակավայրերի հրետակոծությանը զուգահեռ ադրբեջանական բանակը գրոհում է Արցախի Հադրութի և Մարտունու շրջանները: Հայկական ուժերը մինչև օգոստոսի 17-ը կարողանում են կասեցնել հակառակորդի հարձակումը և զգալի կորուստներ պատճառել:
Նշված ժամանակաշրջանում Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը ծայրահեղ անկայուն էր. Գերագույն խորհրդի նախագահ Հեյդար Ալիևի դիրքերը դեռ թույլ էին, ակնհայտ էին նրա տարաձայնությունները վարչապետ Սուրաթ Հուսեյնովի հետ, իսկ հունիսին ինքնավարություն հռչակած Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետությունը սպառնում էր հակամարտության նոր օջախ դառնալ Ադրբեջանի համար: Միաժամանակ, ռազմաճակատի որոշ հատվածներում մարտնչող ադրբեջանական ստորաբաժանումները գրեթե չէին ենթարկվում կենտրոնական իշխանություններին:
Այս պայմաններում ակնհայտ էր, որ էական հաջողություններ ռազմաճակատում չէին կարող լինել և Ադրբեջանի իշխանությունները նոր զինադադարի նախաձեռնությամբ են հանդես գալիս: Օգոստոսի 17-ին Բաքուն նամակներ է ուղարկում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որով լիազորում էր «փոխվարչապետ Ռասուլ Գուլիևին 5 օրվա ընթացքում բանակցություններ վարել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու համար»: Հայկական կողմից բանակցություններ անցկացնելու համար լիազորված էր ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը:
Մյուս նամակով առաջակվում էր օգոստոսի 18-ի ժամը 18:00-ից դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները: «Շարունակելով նախկինում՝ 1993թ. հուլիսի 24-ին եւ 28-ին հաստատված պայմանավորվածությունները եւ նոր, համանման երկկողմանի պարտավորությունների դեպքում պարտավորվում ենք վերսկսել համատարած հրադադար, այդ թվում նաեւ ցանկացած հարձակողական գործողությունների, հրթիռահրետանային գնդակոծությունների եւ օդային ռմբակոծությունների 5-օրյա ժամկետով դադարեցում, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի բարձրագույն ղեկավարների միջև հանդիպման մասին։
…Երկուստեք վերոհիշյալ պարտավորությունները ստանալու եւ վերոհիշյալ հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում հրադադարը կարող է ինքնաբերաբար երկարաձգվել մինչեւ հանդիպման օրվա ժամը 24.00-ն, եթե հանդիպման ընթացքում չհամաձայնեցվի այլ ժամկետների մասին հարցը։ Տվյալ համաձայնագիրը ստորագրվում է Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի՝ դրա լիազորություններն ունեցող պաշտոնական ներկայացուցիչների կողմից»։
Նամակը ստորագրել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիևը, փոխվարչապետ Ռ. Գուլիևը»: («Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497):
Հայկական կողմն ընդունում է համաձայնությունը, սակայն ղեկավարների հանդիպումը տեղի չի ունենում, իսկ օգոստոսի 19-ին, 20-ին և 21-ին Մարտունու և Հադրութի ուղղություններով շարունակվում է ադրբեջանական բանակի հարձակումը: Օգոստոսի 22-ին ադրբեջանական օդուժի երեք ինքնաթիռ ռմբակոծում է Մարտունու շրջանի Գևորգավանի, Մուղանլուի և Կուրոպատկինոյի հայկական պաշտպանական դիրքերը:
Օգոստոսի 22-ին, հայկական ուժերը հետ շպրտելով հակառակորդին, անցնում են հակագրոհի և ամրանում սահմանային բարձունքներում: «Ինչպես մեզ տեղեկացրին ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից, սահմանում կրած պարտությունից անակնկալի գալով` ադրբեջանական մարտիկները ինքնակամ թողել են Ֆիզուլի քաղաքը»,- գրում է «Երկիրը» 1993թ. օգոստոսի 24-ի համարում: Ուշագրավ է, որ Ֆիզուլու դեպքերից դեռ մի քանի օր առաջ ադրբեջանական աղբյուրները տեղեկություն էին տարածում, որ հայկական ուժերը պատրաստվում են գրավել քաղաքը: Տեղեկատվական այս «հնարքի» նպատակն էր մեծացնել լարվածությունը տարածաշրջանում և այլ պետություններին` մասնավորապես Թուրքիային և Իրանին հակամարտության մեջ ներքաշել:
Ադրբեջանցիները համանման գործողության են դիմում նաև մի քանի օր անց, երբ Ջեբրայիլի (Ջրակն) անկումից հետո հայտարարում են, թե հայկական ուժերը գրավել են Հորադիզը: Այս դրվագին Ռազմինֆոն նախկինում անդրադարձել է:
Հ. Ալիևն իր հերթին ադրբեջանական բանակի պարտությունները բացատրում էր միասնական հրամանատարության բացակայությամբ և ցածր կարգապահությամբ: «Անդրադառնալով Ֆիզուլի շրջկենտրոնը հայերի կողմից գրավելու մասին տեղեկությանը, Ալիևը նշեց, որ այնտեղ տեղաբաշխված զորքերը Ֆիզուլի քաղաքի վարչակարգի հրամանով իրենք են թողել քաղաքը: Նա նշեց նաև, որ շրջանների որոշ ղեկավարների գործողությունները, որոնք քաղաքական շահադիտական նպատակներ են հետապնդում, պառակտում են ադրբեջանական զինված ուժերը: Որպես օրինակ Ալիևը վկայակոչեց Աղջաբեդիի շրջանում գնդապետ Գումբաթովին ենթակա գումարտակի սադրիչ գործողությունները» («Ազգ», 24 օգոստոսի, Բ. Ուլուբաբյան, «Արցախյան գոյապայքարի տարեգրություն», էջ 732, Երևան, 1997թ.):
Լեռնային Ղարաբաղի հարավային շրջաններում ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են մինչև օգոստոսի վերջ. ադրբեջանական բանակը փորձում էր առավելության հասնել այդ շրջաններում, ինչպես նաև հարձակումներ գործում Լաչինի (Բերձոր) միջանցքի և Զանգեզուրի ուղղությամբ: Ի պատասխան` հայկական ուժերը սկսում են հարավում տեղակայված ադրբեջանական կրակակետերի ոչնչացումը: «Ռազմաճակատի հարավ-արևմտյան հատվածում շարունակվում էին մարտերը Հադրութի ինքնապաշտպանական ուժերի և Ղարաբաղում տեղակայված նոր համալրում ստացած ադրբեջանական ստորաբաժանումների միջև: Մեր մարտիկներն անցել են հակահարձակման, պաշտպանության տակ առնելով Հադրութի շրջանի Թաղավարդ, Խծաբերդ, Պետրոսաշեն և Սպիտակաշեն գյուղերը:
Ապահովելու համար հայկական բնակավայրերի խաղաղ բնակչության անվտանգությունը, մեր մարտիկները դիրքեր գրավեցին սահմանամերձ բարձունքներում: ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական ստորաբաժանումները թողել են Կուբաթլուի շրջանը»: («Երկիր», 1 սեպտեմբերի, 1993թ.):
Նույն օրը` օգոստոսի 31-ին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրվում է տասնօրյա զինադադարի համաձայնագիր: Հայկական կողմից այն ստորագրում են Արկադի Ղուկասյանը և Արցախի ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը, իսկ ադրբեջանական կողմից` Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Ա. Ջալիլովը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը:
Այն պահպանվում է մինչև հոկտեմբերի երկրորդ կեսը, երբ, ի պատասխան ադրբեջանական հերթական հարձակման, հոկտեմբերի 24-ին հայկական ուժերը ազատագրում են Զանգելանը (Կովսական):
Հայկական բանակի օգոստոսյան հաղթանակները հնարավորություն են տալիս ապահովել Սյունիքի արևելյան և Արցախի հարավային սահմանների անվտանգությունը:
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Pingback: 1993-ի թեժ ամառը. ռազմական գործողություններ | ankakhutyun