Սպառնում են ՌԴ-Ադրբեջան ռազմական համագործակցության մասին կարծիք հայտնած վերլուծաբանին

Ադրբեջանի՝  հիմնականում ռազմական թեմաներով զբաղվող«Դոկտրինա» լրագրողական վերլուծական կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին հանդես է եկել հայտարարությամբ։

Ջասուր Սումերինլի

Ջասուր Սումերինլի

Նա ասել է, որ իր հասցեին սպառնալիքներ է ստանում։

Սումերինլիի խոսքերով՝ «որոշ անձինք, որոնք սերտ կապեր ունեն Ադրբեջանի քաղաքական վերնախավի հետ, կապվել են իր հետ»։ Նրանք շեշտել են, որ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության ու Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի թեմայով Սումերինլիի վերլուծությունները լուրջ անհանգստացրել են ՌԴ ռազմական շրջանակներին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին «Դոկտրինայի» տնօրենը, հղում տալով սեփական ռազմական աղբյուրներին, տվյալներ է հրապարակել Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի ու դրա արդյունքում ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ Իր ելույթը եզրափակելով՝ Սումերինլին ընդգծել է՝ իր կողմից նշված բոլոր հարցերի վերաբերյալ չկա պաշտոնական տեղեկություն, և եթե այդ ամենը համապատասխանում է իրականությանը, ապա «ռազմաքաղաքական տեսակյունից Ադրբեջանը հայտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում, առաջ են գալիս Ադրբեջանի ազգային անվտանգության համար 3 կարևոր խնդիրներ՝ Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա վատ է անդրադառնում ՌԴ-ի հետ նման չափերի համագործակցությունը, ապա Ադրբեջան-Թուրքիա ռազմատեխնիկական կապերը, ինչպես նաև Ադրբեջան-Իսրայել զենք-զինամթերքի առքուվաճառքն է տուժում»։

Ահա այս եզրահանգումն էլ, ըստ «Դոկտրինայի» տնօրենի, պատճառ է հանդիսացել, որպեսզի իրեն ահազանգած անձինք համոզեն՝ իբր ինքն իր հոդվածներով վտանգ է ներկայացնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ընդլայմանը, ուստի մեծ գումար են առաջարկել այլևս նշված թեմաներով ելույթ չունենալու փոխարեն։ Սումերինլին հրաժարվել է, ինչից հետո էլ սպառնալիքներ ու նախազգուշացումներ է ստացել իր հասցեին։

Նա նաև խոստովանել է, որ արևմտյան պարբերականներից մեկի լրագրողի հետ հանդիպման ժամանակ իրենք նկատել են՝ երկու անհայտ անձինք հետևում են իրենց։

«Իմ ու ընտանիքիս դեմ ուղղված հնարավոր գործողությունների ողջ պատասխանատվությունը կրելու են Ադրբեջանի իշխանությունները»,-եզրափակել է Ջասուր Սումերինլին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *