Ադրբեջանի ՊՆ-ում ընդունել են Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդին

Բաքվում Թուրքիայի դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ Հասան Նևզաթ Թաշդելերին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում ընդունելությանը ներկա է եղել նաև Բաքվում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալփեր Ջոշքունին, ով էլ Աբիևին է ներկայացրել Թուրքիայի նորանշանակ ռազմական կցորդին։

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Թուրքիայի դեսպանն ու ռազմական կցորդը քննարկել են երկկողմ ռազմական հարաբերություններին վերաբերող հարցեր։

Նշենք, որ գեներալ-մայոր Թաշդելերը Բաքվում Թուրքիայի ռազմական կցորդի պաշտոնում փոխարինել է գեներալ-մայոր Յուջել Քարայուզին, ով Թուրքիայի Գերագույն ռազմական խորհրդի որոշմամբնշանակվել է թուրքական ԶՈւ ցամաքային զորքերի մատակարարման վարչության պետ։

Գեներալ-մայոր Թաշդելերը մինչ այս զբաղեցնում էր Թեքիրդաղում տեղակայված երրորդ զրահատանկային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը։ Ավելի վաղ նա եղել է նաև ՀՀ-ին սահմանակից ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Իգդիր նահանգում տեղակայված գնդի հրամանատար։

Հետաքրքիր է, որ գեներալ-մայոր Հասան Նևզաթ Թաշդելերը «Էրգենեքոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Թուրքիայի ԶՈւ դոկտրինի և ուսումնական հարցերի գծով հրամանատար, բանակի գեներալ Հուսեյն Նուսրեթ Թաշդելերի փոքր եղբայրն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *