Ինչպես 1993-ին իրանական զորքը մտավ Ադրբեջան

93 թվականին՝ կրելով մի շարք լուրջ պարտություններ, Ադրբեջանը փորձեց Իրանին ներքաշել արցախյան պատերազմի մեջ՝ հավանաբար ակնկալելով, որ դա հնարավորություն կտա խաղի մեջ մտնել նաև Թուրքիային։

1. 1993 ԹՎԱԿԱՆ. ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Արցախյան հակամարտությունը շարունակվում էր արդեն 5 տարի և թևակոխել էր ակտիվ ռազմական գործողությունների շրջան: 1993թ. ապրիլի սկզբին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ազատագրել էին Քելբաջարը` բացելով Արցախի հետ ցամաքային երկրորդ ճանապարհը և ապահովելով Մարտակերտի շրջանի ու Լաչինի միջանցքի անվտանգությունը:

Միաժամանակ հայկական ուժերը ռազմական գործողություններ էին իրականացնում մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքները վերադարձնելու համար: Չնայած թվական գերազանցությանը և սպառազինության առավելությանը` ադրբեջանցիները ծանր կորուստներ էր կրում, որոնք պայմանավորված էին նաև ներքաղաքական բարդ իրադրությամբ. 1993թ. հունիսի 5-ին Գանձակում բռնկվեց Սուրաթ Հուսեյնովի խռովությունը: Նախագահ Էլչիբեյի գվարդիայի` Հուսեյնովին ձերբակալելու փորձը ձախողվեց և Գանձակում տեղակայված 709-րդ բրիգադի մարտիկները, Հուսեյնովի գլխավորությամբ, շարժվեցին դեպի Բաքու:

Օգտվելով իրադրությունից` Ադրբեջանի հարավ-արևմուտքում ինքնավարություն հռչակեցին թալիշները՝ ստեղծելով Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետությունը: Ներքաղաքական ճգնաժամի հետևանքով իշխանությունից հեռացվեց նախագահ Էլչիբեյը և Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Հեյդար Ալիևը:

Հունիսի 27-ին հայ մարտիկներն ազատագրեցին Մարտակերտ քաղաքը, իսկ մեկ ամիս անց` հուլիսի 23-ին, ճնշեցին ադրբեջանական կրակակետերը արևելյան հատվածում ու մտան Աղդամ:

Աղդամը կորցնելուց հետո Ադրբեջանը մի քանի անգամ զինադադար է կնքում հայկական կողմի հետ, սակայն բոլորն էլ խախտում է, ինչը դառնում է ադրբեջանցիների համար տարածքային նոր կորուստների պատճառ: Այսպես` հուլիսի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի և ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի միջև ձեռք է բերվում եռօրա զինադադարի պայմանավորվածություն, որը, սակայն խախտվում է` Ջեբրայիլի վրա ադրբեջանցիների հարձակման պատճառով: Օգոստոսի 18-ին Ռուսաստանի միջնորդությամբ դարձյալ կնքվում է զինադադար` 5-օրյա ժամկետով: Հենց հաջորդ օրը` օգոստոսի 19-ին ադրբեջանական օդուժը ռմբակոծում է Կապան քաղաքը, որին զոհ են գնում խաղաղ բնակիչներ։ Հրետակոծվում են նաև Հադրութի ու Մարտունու շրջանների բնակավայրերը: Հայկական ուժերի պատասխան գործողությունների շնորհիվ օգոստոսի 22-ից 25-ն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանական ուժերը դուրս են շպրտվում Ֆիզուլիից և Ջեբրայիլից, իսկ օգոստոսի 31-ին` Կուբաթլուից: Նույն օրը Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև կնքվում է 10-օրյա զինադադար:

Ռազմական գործողությունների մոտավոր սահմանը` 1993թ. օգոստոս-հոկտեմբեր ամսիներին:

2. ԻՐԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԽԱՂԻ ՄԵՋ

Առաջին հայացքից տեղային նշանակություն ունեցող այս ռազմական գործողությունները և Ադրբեջանի պարտությունը ստանում է միջազգային լայն արձագանք: Հայկական ուժերի առաջխաղացմանը զուգահեռ մեծանում էր ադրբեջանցի փախստականների հոսքը, որոնք մարտական գործողությունների վայրից հեռանում էին կամ դեպի Հորադիզ կամ անցնում էին Արաքս գետը` հատելով Իրանի սահմանը: Սա առաջացնում է Իրանի մտահոգությունը, քանի որ թուրքալեզու մեծ բնակչություն ունեցող Իրանի հյուսիսային շրջաններում ադրբեջանցի փախստականների, այդ թվում` զինված մարդկանց ներթափանցումը կարող էր վտանգել այդ շրջանների կայունությունը:

Իրադրությունը սրում էր նաև ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը, որը Հորադիզի գրավման մասին կեղծ տեղեկություններ տարածելով, փորձում էր հակամարտության մեջ ներքաշել Իրանին` մեծացնելով տարածաշրջանի լարվածությունը ու, չի բացառվում` Թուրքիային հակամարտության մեջ ներքաշելու նպատակով:

Օգոստոսի 30-ին ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որով պարզաբանում էր, որ հայկական ուժերի առաջխաղացումը պայմանավորված է Ադրբեջանի` զինադադարի համաձայնությունը խախտելով: «Նկատի առնելով երկու հակամարտ կողմերի համար գաղթականների խնդրի կենսական կարևորությունը, մենք պատրաստակամություն ենք հայտնում անհապաղ բանակցություններ սկսելու նրանց վերադարձման հետ կապված հարցերի ամբողջ համալիրի ու առաջին հերթին նրանց բնակության շրջաններում երկարաժամկետ հրադադարի շուրջ»,— ասված էր հայտարարության մեջ: (ՀՀ, 31 օգոստոսի, 1993թ., թիվ 172(776):

Օգոստոսի վերջին ադրբեջանական աղբյուրները տեղեկություն են տարածում, որ հայկական ուժերը գրավել են Հորադիզը` փորձելով սրել փախստականների խնդիրը: Ի պատասխան՝ Իրանը զորք է կենտրոնացնում իր սահմանամերձ շրջաններում` փախստականների հոսքը կանխելու և անվտանգությունն ապահովելու նպատակով:

«Նյու Յորք Թայմսը» 93թ. սեպտեմբերի 5-ի համարում գրում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական ուժերը գրավել են Հորադիզը: Հորադիզի գրավումը կնշանակեր, որ նախկին Ադրբեջանական ԽՍՀ հարավարևելյան շրջանների շուրջ 230 հազար փախստականների ճանապարհը դեպի Բաքու փակված է: Նրանց հեռանալու միակ ճանապարհը մնում էր Արաքսը հատելով Իրան անցնելը: Այս տեղեկությունը չեն հաստատում Բաքվում Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի պաշտոնյաները, սակայն նշում են, որ իրադրությունն Ադրբեջանում շատ բարդ է: «Եթե Հորադիզն ընկնի, նշանակում է փախստականները հեռանալու տեղ չեն ունենա: Նրանք կփորձեն գնալ Իրան, բայց Արաքս գետը շատ խորն է ու լայն, և ես չգիտեմ` նրանք ի վիճակի կլինե՞ն լողալով անցնել այն, թե ոչ»,— ասում է Բաքվում ՄԿԽԿ-ի ներկայացուցիչը (“Azerbaijan Claims Armenians Seized a Key Town”), «Նյու Յորք Թայմս», 5 սեպտեմբերի, 1993թ.): Նույն աղբյուրի համաձայն, Լեռնային Ղարաբաղը հերքել էր Հորադիզի գրավման մասին լուրը:

Ֆիլիպինյան «Մանիլա Ստանդարտ» անգլիալեզու պարբերականը, հղում անելով Associated Press գործակալությանը, հայտնում է, որ ըստ թուրքական և ադրբեջանական աղբյուրների Իրանի սահմանապահները մոտ 3 կմ առաջացել են ադրբեջանական տարածքում` համատեղ շահագործվող ջրամբարը պաշտպանելու նպատակով (“Russia Tells Iran not to meddle in Azeri-Armenian war”, Manila Standard, September 7, 1993):

Իրանական զորքերի Ադրբեջան ներթափանցելու դեպքին անդրադարձել է նաև «Լոս Անջելես Թայմ»-ը: Ըստ թերթի` Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ձեռք էր բերվել 12 մղոն խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու պայմանավորվածություն (Los-Angeles Time, September 05, 1993):

Թեև պաշտոնական Թեհրանը հերքեց այս տեղեկությունը, սակայն դատելով մի շարք այլ իրադարձություններից, կարելի է ենթադրել, որ համանման դեպք, այնուամենայնիվ, տեղի ունեցել է: Ռուսաստանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 7-ին դատապարտեց հայկական ուժերի ռազմական գործողությունները, սակայն, միաժամանակ, նախազգուշացրեց Թեհրանին, այսպես կոչված «զինված իրանցիների»` Ադրբեջանի տարածքում հայտնվելու կապակցությամբ: «Իրանական կողմի այսպիսի գործողությունները, ինչպիսին էլ լինեն պատճառները, չեն կարող մեր հավանությանն արժանանալ»,— Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում հայտնում է ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Գրիգորի Կարասինը: Միաժամանակ նա զգուշացնում էր պատերազմի հնարավոր «միջազգայնացման» վտանգի մասին:

Այս դեպքերին անդրադարձել է նաև Մայքլ Կրուսանտն (Michael P. Croissant) իր «Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը. պատճառներն ու հետևանքները» («The Armenia-Azerbaijan Conflict: Causes and Implications») գրքում:

«Օգոստոսի 27-ին տեղահանվածների առաջին խմբերը հասան Ադրբեջանը Իրանից բաժանող Արաքս գետին: Իրանական իշխանությունները սկսեցին հյուսիսային սահմանին հասնող փախստականների խնդիրը կանխելու քայլեր ձեռնարկել:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն կոմիսարի հետ համագործակցությամբ սահմանի իր հատվածում Իրանը հիմնեց ժամանակավոր ճամբարներ, որտեղ տարհանվում էին ծերերն ու երեխաները: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան 20 հազար փախստականներ տեղավորվեցին ճամբարում:

Ադրբեջանցի փախստականների հոսքն արդեն իսկ խնդրահարույց էր, և Իրանը մտահոգված էր դեպքերի զարգացումով, երբ հայկական զորքերը գրավեցին Կուբաթլին և օգոստոսի վերջին ու սեպտեմբերի սկզբին Հորադիզը գրավելու սպառնալիք ստեղծեցին:

Հորադիզի հնարավոր գրավումը անցանկալի էր ոչ միայն այդ քաղաքի` Իրանի սահմանին մոտ լինելու պատճառով, այլև նրանով, որ դա բնակչության Արևելյան Ադրբեջան փախչելու վերջին ճանապարհն էր: Իրանից բացի ուրիշ գնալու տեղ չունենալու դեպքում շուրջ 200 հազար փախստականներ կսկսեին շարժվել հարավ:

Բախվելով իր սահմանի մոտ հսկայական թվով տեղահանվածների հոսքի հավանականությանը, Թեհրանը փախստականների մոտեցող ալիքը կանխելու քայլեր ձեռնարկեց: Իրանի և Ադրբեջանի տեղական պաշտոնյաների միջև համագործակցության պատրվակով սեպտեմբերի 2-ին Իրանի զինված ստորաբաժանումներն անցան Ադրբեջան և 3-4 կմ բուֆերային գոտի ստեղծեցին, իբր թե մարդասիրական օգնության համար անվտանգ միջավայր ստեղծելու, իրականում` փախստականների առաջխաղացումը հյուսիս-արևմտյան Իրան կանխելու նպատակով: Այդ տեղաշարժը, որը փաստացի նշանակում էր ներխուժում Ադրբեջանի տարածք, զգալի տագնապ առաջացրեց տարածաշրջանի երկրներում: Թեհրանի գործողությունները ցույց տվեցին, որ հայ-ադրբեջանական հակամարտության միջազգայնացումը մոտ էր» (էջ 93):

3. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՆԸ

Վերոհիշյալ իրադարձություններին անմիջապես հետևեց Հայաստանի սահմանի մոտ թուրքական զորքերի տեղակայումը, ինչն արդեն լրջորեն անհանգստացրեց Ռուսաստանին:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը սեպտեմբերի 8-ին տարածած հաղորդագրության մեջ մտահոգություն հայտնեց «Ղարաբաղյան հակամարտության վտանգավոր ընդլայնման վերաբերյալ» և տարածաշրջանի պետություններին կոչ արեց առավելագույն զսպվածություն ցուցաբերել: «Իրանական զինված խմբի մուտքը Ադրբեջանի տարածք ոչ միայն նպաստելու է հակամարտության հետագա սրմանը, այլև մոտեցնում է հակամարտության միջազգայնացման վտանգավոր սահմանին»,— ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը: (էջ 94):

1993թ. սեպտեմբերի սկզբին նույնքան մտահոգիչ էին Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները, որոնք ավելի շատ սպառնալիք էին հիշեցնում: «Եթե Նախիջևանի թեկուզ մի կտորի ձեռք տան, ես գնում եմ խորհրդարան` պատերազմ սկսելու թույլտվություն ստանալու»,— «Հուրիեթին» ասում է Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը: Իսկ Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի խոսնակ գնդապետ Դողու Սիլաչիօղլուն (Dogu Silahcioglu) սեպտեմբերի 4-ին հայտնեց, որ թուրքական բանակը համալրում է ստորաբաժանումները: (“Turkish Leader Threatens War”, The Telegraph, 5 September, 1993):

Թուրքական աղբյուրները հաղորդում էին, որ շուրջ 50 հազար զինվորներից բաղկացած զորախումբ մոտեցվել են հայ-թուրքական սահմանին, որոնց թվում օդադեսանտային զորքերի մեկ գումարտակ: (“Turkish Troops Ready to Defend Ally From Attack”, Gainesville Sun ” Sep 7, 1993)

4. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ

Միաժամանակ Հեյդար Ալիևը, ով ընտրվել էր Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ, որոշում է փոխել երկրի արտաքին քաղաքական ուղղությունը և սեպտեմբերի 5-ին մեկնում է Մոսկվա` խնդրի կարգավորման համար օգնություն խնդրելով ՌԴ նախագահ Բորիս Ելցինից: ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո նա նշում է, որ Ռուսաստանը վճռորոշ դերակատարություն ունի տարածաշրջանում: Միաժամանակ, Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանը ցանկանում է միանալ ԱՊՀ-ին: Եվ իսկապես, սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը անդամակցեց ԱՊՀ-ին:

Տարածաշրջանային լարվածությունն իր ժամանակավոր հանգուցալուծումը ստացավ ՌԴ միջնորդությամբ սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի փոխնախագահ Ջալիլովի և ԼՂՀ ԱԳ նախարար Արկադի Ղուկասյանի` Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումով: Նրանք ստորագրեցին մինչև հոկտեմբերի 5-ը զինադադար կնքելու համաձայնություն: Հոկտեմբերի 5-ին այն ևս մեկ ամսով երկարաձգվեց, սակայն հոկտեմբերի 10-ին ադրբեջանական ուժերը հարձակում սկսեցին Հադրութի ուղղությամբ և ռազմական գործողությունները վերսկսվեցին:

5. ՄԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՌԵԱԿՑԻԱՆ

Հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց արցախյան հակամարտության վերաբերյալ երրորդ` թիվ 874 բանաձևը: Այն կողմերին կոչ էր անում իրականացնել ապրիլի 30-ին և հուլիսի 29-ին Անվտանգության խորհրդի ընդունած 822 և 853 բանաձևերն ու շարունակական դարձնել զինադադարը:

874 բանաձևում կա ուշադրության արժանի մի կետ, որով տարածաշրջանի բոլոր պետություններին կոչ էր արվում «ձեռնպահ մնալ ցանկացած թշնամական գործողություններից և ցանկացած միջամտությունից կամ ներխուժումից, որոնք կարող են բերել հակամարտության ընդլայնմանը և տարածաշրջանում կխարխլեն խաղաղությունն ու անվտանգությունը»: Այս կետի ընդունումը, թերևս, Իրանի զինված խմբի Ադրբեջան մտնելով և Թուրքիայի` Հայաստանի սահմանի մոտ զորք կենտրոնացնելով էր պայմանավորված:

Ադրբեջանն, այնուամենայնիվ, չհրաժարվեց հակամարտությունը զինված ճանապարհով լուծելու մտքից, և հոկտեմբերի 21-ին հարձակում սկսեց Ջեբրայիլի ուղղությամբ: Թեև այդ գործողությանը բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մասնակցում էր շուրջ 300 աֆղան մոջահեդներ, սակայն հակառակորդի հարձակումը ձախողվեց: Հայկական ուժերի վճռական հակահարձակումն ավարտվեց Հորադիզի անկումով` հոկտեմբերի 24-ին:

2 responses to “Ինչպես 1993-ին իրանական զորքը մտավ Ադրբեջան

  1. Pingback: 1993-ի թեժ ամառը. ռազմական գործողություններ | ankakhutyun

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *