ՀՀ ԶՈւ թիմը վերջինն էր տանկային բիաթլոնի մրցումներում

Օգոստոսի 17-ին մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում կայացավ տանկային բիաթլոնի վճռորոշ մրցումները, որով էլ որոշվեց հաղթող երկիրը:

Տանկային բիաթլոնում լավագույնին փորձում էին պարզել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տանկիստները։

Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի թիմը: Իսկ ահա Հայաստանի տանկիստները չորս երկրների մեջ զբաղեցրին վերջին` չորրորդ հորիզոնականը: Հայաստանցի տանկիստները հանդես էին գալիս կանաչ գույնով ներկված տանկերով: Երկրորդ տեղն է զբաղեցրել Ղազախստանի, երրորդը` Բելառուսի թիմը:

Նշենք, որ տանկային բիաթլոնին մասնակցող երկրների պատվիրակությունները մրցում են  Տ-72Բ տանկերով հավասար պայմաններում։

Կազմակերպող կողմն ընտրել է հենց այս տեսակի տանկերը, քանի որ դրանցից իրենց սպառազինությունում ունեն բոլոր մասնակից երկրները։

ՌԴ հաջորդ տարի կայանալիք տանկային բիաթլոնին հրավիրել է ԱՄՆ-ին, Իտալիային և Գերմանիային։

Հիշեցնենք, որ ռուսական բանակում հաճախ կազմակերպվող տանկային բիաթլոն ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։ Հաճախ այս կանոնները որոշակի փոփոխությունների են ենթարկվում։

Այս տարվա տանկային բիաթլոնը նվիրված է Պրոխորովկայի տանկային ճակատամարտի 60-ամյակին։