Թուրքիայում ձերբակալվել է զինված ուժերի ևս 10 գործող և թոշակառու զինվորական

Նոյեմբերի 14-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները «գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով» ձերբակալել են զինված ուժերի 10 գործող և թոշակառու զինվորականի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի Սվազ նահանգի դատախազությունը բերման ենթարկելու որոշում է ընդունել ընդհանուր առմամբ 22 անձի նկատմամբ: Մնացած 12 կասկածյալին հայտնաբերելու համար ոստիկանական ուժերը շարունակում են գործողությունները նահանգի տարբեր գավառներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Թուրքիայի 12 նահանգներում «գյուլենականության մեղադրանքով» ձերբակալվել է 20 գործող ենթասպա, իսկ հոկտեմբերի 31-ին Քոջաելի նահանգում ձերբակալվել է 24 գործող զինվորական: Վերջին երկու ամիսներին Թուրքիայում ձերբակալվել է մոտ 250-255 զինծառայող, որից մի մասը գործող (1234, 56, 7):

Թուրքիայի ուժային կառույցներում զինծառայողների նկատմամբ հետապնդումներն ու ձերբակալությունները սկսվել են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո զինուժում զինծառայողների պակաս է առաջացել: Նոյեմբերի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ այդ պակասը լրացնելու համար թուրքական զինուժի շարքերը կհամալրեն 2394 նոր սպաներ և ենթասպաներ:

2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման համար Թուքրիայի իշխանությունները մեղադրում են ամերիկաբնակ, իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենին: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ Գյուլենը իր «լրտեսներին» ներդրել էր Թուրքիայի զինված ուժեր, այլ ուժային կառույցներ՝ փորձելով նրանց միջոցով հեղաշրջում իրականացնել երկրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *