Թուրքիայի զինուժը կհամալրվի շուրջ 2400 նոր սպայով և ենթասպայով

Նոյեմբերի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ «առաջիկա 10 օրում» թուրքական զինուժի շարքերը կհամալրեն 2394 նոր սպաներ և ենթասպաներ: Թուրքիան լրացնում է 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո առաջացած մասնագետների պակասը: Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականի կայքը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. (արխիվ, 2016թ.)

Թուրքիայի ՊՆ-ն նշել է, որ բանակի շարքերը համալրելու են 868 սպա և 1526 ենթասպա: Ջանիքլին նաև ասել է, որ սրանով փորձում են լրացնել 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում բանակի շարքերի հեռացված սպաների և ենթասպաների տեղը:

Թուրք նախարարն ավելացրել է, որ այս պահին ուսուցանում են սպայի ևս 2500 թեկնածուի: 9-ամսյա կրթությունն ավարտելուց հետո նրանք կհամալրեն թուրքական բանակի շարքերը: Թուրքիան, ելնելով բանակում պրոֆեսիոնալ զինծառայողների պակասը լրացնելու սուր պահանջից, առայժմ բավարարվում է կարճ դասընթացներ անցած մասնագետներով:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակի շարքերից հեռացված հազարավոր սպա-ենթասպաների կողքին ռազմաուսումնական հաստատություններից ևս շուրջ 16 հազար կուրսանտ էր հեռացվել: Բացի այդ, վերակազմավորվել է ռազմակրթական համակարգը. ստեղծվել է համալսարան, որը ենթարկվում է ՊՆ-ին, ոչ թե ԶՈւ ԳՇ-ին: Սակայն համալսարանը առաջին մասնագետները կտա միայն մի քանի տարի անց՝ 4-ամյա կրթության ավարտից հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *