Նոյեմբերի 14-ին Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են, որ ընդունում են Իրաքի գերագույն դաշնային դատարանի՝ երկրի սահմանադրության 1-ին հոդվածի վերաբերյալ բացատրությունը, որով սահմանվում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և, որի համաձայն՝ Իրաքից ոչ մի տարածք չի կարող առանձնանալ: Հայտարարությունը տեղադրված է Իրաքյան Քրդստանի կառավարության պաշտոնական կայքում:
«Մենք հավատացած ենք, որ այս որոշումը Էրբիլի և Բաղդադի միջև բոլոր տարաձայնությունները լուծելու համար ազգային երկխոսության նոր հիմք կստեղծի», – ասվում է Իրաքյան Քրդստանի կառավարության հայտարարությունում:
Սրանով փաստորեն Իրաքյան Քրդստանի փորձում է նորից բանակցությունների գնալ Իրաքի կենտրոնական ղեկավարության հետ:
Իրաքյան Քրդստանի և Իրաքի հարաբերությունները կտրուկ լարվել են Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեից հետո: Քրդերի անկախացմանը դեմ են ինչպես Իրաքի իշխանությունները, այնպես էլ Իրանը, Թուրքիան:
Իրաքի կառավարական բանակը հոկտեմբերի 16-ին ռազմական գործողություններ սկսեց քրդերի դեմ և քրդական ուժերին դուրս մղեց նավթային պաշարներով հարուստ Քիրքուքից: Կողմերի միջև բախումներ են եղել նաև Սինջարի լեռների ուղղությամբ, Սիրիա-իրաքյան սահմանին և Քիրքուքից հյուսիս:
Մի շարք պարտություններից և տարածքներ կորցնելուց հետո, հոկտեմբերի 24-ին Իրաքյան Քրդստանը որոշում ընդունեց սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները և փորձել բանակցությունների գնալ պաշտոնական Իրաքի իշխանությունների հետ, սակայն Բաղդադը պահանջում է հանրաքվեի արդյունքների վերջնական չեղարկում։