Հոկտեմբերի 12-ին թուրքական ոստիկանությունը «գյուլենական ահաբեկչական կառույցին» անդամակցելու մեղադրանքով ձերբակալել է Թուրքիայի ԶՈւ ևս 5 գործող զինվորականի. ևս երկուսի ձերբակալման ուղղությամբ գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հոկտեմբերի 10-ին թուրքական կողմը ձերբակալել էր ևս 33 զինծառայողի, որոնց շարքում նույնպես կային գործող զինվորակններ:
Սեպտեմբերին «գյուլենականության» մեղադրանքով կալանավորման որոշում էր կայացվել 117 զինվորականի նկատմամբ, այդ թվում՝ 98 գործող: Այնուհետև ձերբակալվել էր 34 զինծառայող:
Այսպիսով՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 12-ը արդեն իսկ ձերբակալվել է 71 զինծառայող, որոնց մեծ մասը՝ գործող:
ԱՄՆ-ում ապրող ազգությամբ թուրք իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենը մեղադրվում է 2016 թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման և ղեկավարման համար: Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ նա իր «լրտեսներին» ներդրել էր Թուրքիայի զինված ուժեր, այլ ուժային կառույցներ՝ փորձելով նրանց միջոցով հեղաշրջում անել:
Ռազմական հեղաշրջման ձախողումից հետո միայն Թուրքիայի զինուժից ձերբակալվել են տասնյակ հազարավոր գործող զինվորականներ, այդ թվում՝ նախկին գեներալակազմի ավելի քան 1/3-ը, գնդապետներ և այլ բարձրաստիճան սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ ևն: