Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի զինված ուժերի 25 զինծառայողի բերման ենթարկելու համար համաժամանակյա գործողություններ են իրականացվել երկրի 13 նահանգներում և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հատվածում: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Գործող զինվորականները կասկածվում են «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենի հետ առնչություն ունենալու համար: Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում իրականացվել է ռազմական հեղաշրջման փորձ, որին ներգրավված էր զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 150-ից ավել գեներալ և ընդհանուր 20000-23000 զինծառայող, որից 16 հազարը՝ ռազմական դպրոցների կուրսանտներ: Հետապնդումներ և ճնշումներ են իրականացվում նաև այլ պետական կառույցների, նախարարությունների, լրագրողների նկատմամբ: