Հոկտեմբերի 31-ին Թուրքիայում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները Քոջաելի նահանգում ձերբակալել են ևս 24 գործող զինվորականի: Բացի այդ Քոջաելիի դատախազությունում ևս 3 զինծառայողի բերման ենթարկելու որոշում է ընդունվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Զինծառայողները մեղադրվում են «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու մեջ, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: Բացի զինծառայողներից, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ևս 4 կասկածյալի:
Թուրքիայի Թոքատի դատախազությունն էլ իր հերթին որոշել է բերման ենթարկել 18 գործող զինծառայողի և 4 քաղաքացիականի: Նրանց հայտանաբերելու համար ոստիկանության և ժանդարմերիայի ստորաբաժանումները գործողություններ են իրականացնում: Ըստ «Անադոլուի»՝ 11 հոգին արդեն բերման է ենթարկվել:
Հիշեցնենք, որ վերջին երկու ամիսներին Թուրքիայում ձերբակալվել է մոտ 200 զինծառայող, որից մի մասը գործող (1, 2, 3, 4, 5, 6):
2016-ի հուլիսի 15-16-ին մի խումբ զինվորականներ հեղաշրջման փորձ են իրականացրել Թուրքիայում, որն ավարտվել է ձախողմամբ: Հեղաշրջման փորձից զինված ուժերից հեռացվել է բարձրագույն սպայական կազմի մի մասը, այդ թվում նաև գեներալներ, գնդապետներ:
Բացի զինվորականներից, ճնշումների և հետապնդումների են ենթարկվում ամենատարբեր կառույցների, պետական հաստատությունների աշխատակիցներ, լրագրողներ, իրավապաշտպաններ: