Նոյեմբերի 12-ին Իրանի Քերմանշահ նահանգի՝ Իրաքին սահմանակից շրջաններում տեղի ունեցած 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել են նաև Իրանի բանակի զինծառայողներ։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատար Աբդոլռահիմ Մոսավին։ Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ըստ Մուսավիի՝ երկրաշարժի հետևանքով զոհվել են սահմանային շրջանում տեղակայված բանակի կառույցների և քաղաքների զորամասերի «որոշ քանակի» զինծառայողներ։ Մուսավին չի մանրամասնել, թե կոնկրետ քանի զինծառայող է զոհվել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին երկրաշարժ էր տեղի ունեցել իրան-իրաքյան սահմանին։ Իրանում զոհերի թիվը հասել է 435-ի, կա 6460 վիրավոր, Իրաքում զոհվել է 7, վիրավորել 300-ից ավելի մարդ։
Իրանում երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով ներգրավվել են նաև բանակի, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողներ, այդ կառույցների ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ռազմական բժիշկներ։