Քոնիայի հանրապետական գլխավոր դատախազության վարած հետաքննության շրջանակներում 70 գործող զինվորականի կալանավորման որոշում է կայացվել։ Հոկտեմբերի 10-ին նրանցից 30-ին արդեն ձերբակալել են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. Նկարը՝ «Անադոլուի»
Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության Քոնիայի մաքսանենգության և կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի ստորաբաժանումները 7 նահանգում «գյուլենականների» ձերբակալման գործողություններ են իրականացրել:
Գործողության արդյունքում հաջողվել է ձերբակալել 30 գործող զինվորականի. կալանավորման որոշում էր կայացվել 70 գործող զինվորականի նկատմամբ: Տեղեկություններ կան, որ գործողություն է տարվում ևս 40 զինվորականի կալանավորման համար, որոնց գտնվելու վայրն առայժմ չի հաջողվել պարզել:
Հիշեցնենք, որ թուրքական ոստիկանությունը նույն մեղադրանքով հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր ևս 20 գործող զինվորականի՝ սպա և ենթասպա:
ԱՄՆ-ում ապրող ազգությամբ թուրք իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենը մեղադրվում է 2016 թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ղեկավարելու մեջ: Թուրքական իշխանությունները պնդում են, որ նա իր «լրտեսներին», «մարդկանց» էր ներդրել Թուրքիայի զինված ուժեր, տարբեր այլ ուժային կառույցներ՝ փորձելով նրանց միջոցով ռազմական հեղաշրջում իրականացնել:
Ռազմական հեղաշրջման ձախողումից հետո միայն Թուրքիայի զինուժում ձերբակալվել են տասնյակ հազարավոր գործող զինվորականներ, այդ թվում՝ նախկին գեներալակազմի ավելի քան 1/3-ը, գնդապետներ և այլ բարձրաստիճան սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ ևն: