Վերակազմակերպվում է Տաջիկստանի ՌԴ ԶՈւ ռազմաբազան. ՌԴ ՊՆ տեղակալը մեկնել է այնտեղ

Ռուսաստանի զինված ուժերի՝ Տաջիկստանում տեղակայված բոլոր ստորաբաժանումները միավորվելու են մեկ միավորման մեջ, որի հիմքը լինելու է «Կանտ» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը:Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության, փետրվարի 2-ին հայտնել է Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիրի Զարուդնիցկին:

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

Ռուսաստանյան ստորաբաժանումները, որոնք որպես ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազա տեղակայված են Տաջիկստանում և մտնում են ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի կազմի մեջ, կվերակազմավորվեն և կդառնան մեկ բրիգադ՝ միաժամանակ պահպանելով իրենց նշանակությունը՝ այն է՝ Ռուսաստանի հենակետ (ֆորպոստը) կենտրոնասիական տարածաշրջանում:

Ռազմական շրջանի հրամանատարի խոսքով՝ փոփոխությունը պայմանավորված է հենց ռազմական շրջանի առջև դրված նոր խնդիրներով և ընդհանուր կառուցվածքային փոփոխություններով:

Այսօր էլ՝ փետրվարի 3-ին, ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը մեկնել է Տաջիկստան, որտեղ հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Անտոնովը հայտարարել է, որ ռուսաստանյան ռազմաբազան ոչ միայն Տաջիկստանի անվտանգության երաշխավորն է, այլև ՀԱՊԿ երկրների հենակետը տարածաշրջանում:

Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի (ձախից) և Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հանդիպումը Դուշանբեում

Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի (ձախից) և Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հանդիպումը Դուշանբեում

Տաջիկստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում Անտոնովը նաև հայտարարել է, որ Աֆղանստանից եկող վտանգի հետ կապված (Տաջիկստանը երկար սահմանը ունի այդ երկրի հետ) Ռուսաստանը պատրաստ է սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, անհրաժեշտ ամեն ինչով օգնել, որպեսզի բարձրացնի Տաջիկստանի զինված ուժերի մարտունակությունը՝ Աֆղանստանից եկող վտանգը չեզոքացնելու նպատակով:

Լրացում. Փետրվարի 3-ին հայտնի դարձավ նաև, որ Ռուսաստանը պատրաստվում է 201-րդ ռազմաբազայում մարզել ու պատրաստել Տաջիկստանի ԶՈւ ևս 1000 կրտսեր մասնագետ: (2015-ին Ռուսաստանը պատրաստել է Տաջիկստանի ԶՈւ տանկերի, ՀՄՄ-ների և «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգերի, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հազարից ավելի մասնագետների): Բացի այդ էլ, ըստ Անտոնովի, Ռուսաստանի ռուհերում անվճար սովորում է Տաջիկստանի ԶՈւ 562 զինծառայող:

Մինչ այս էլ՝ 2015թ. դեկտեմբերին Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռամաբազայի 149-րդ մոտոհրաձգային գունդը Խաթլոնի շրջանից վերատեղակայվել էր երկրի մայրաքաղաք Դուշանբեում և արվարձանում գտնվող «Լյաուր» զորավարժարանում։ Սա, հավանաբար, նույնպես պայմանավորված էր կառուցվածքային փոփոխություններով:

Տաջիկստանի հանդեպ Ռուսաստանի նման ուշադրությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ երկրի լրջորեն սպառնում են Աֆղանստանում կռվող ահաբեկչական զինված խմբավորումները՝ «Թալիբանը», «Իսլամական պետությունը», որոնք իրենց վերահսկողության տակ են պահում երկրի որոշ շրջաններ ու նաև Տաջիկստան-Աֆղանստան սահմանի որոշ հատված: Վտանգ կա, որ այդ խմբավորումները կարող են ներխուժել նաև Տաջիկստան և ապակայունացնել այնտեղի իրավիճակը:

Այս նպատակով է, որ ՀԱՊԿ-ը հակաահաբեկչական զորավարժություններ է անցկացնում Տաջիկստանում: Մասնավորապես 2015թ. մայիսին այնտեղ անցկացվել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը: Ընդ որում՝ հայկական խաղաղապահ ստորաբաժանումներն իրենց հերթին զինյալների դեմ պայքարին մասնակցում են նաև հենց Աֆղանստանում՝ «Վճռական աջակցություն» առաքելության կազմում:

Տաջիկստանում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությանը մասնակցող հայկական ստորաբաժանումը

Տաջիկստանում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությանը մասնակցող հայկական ստորաբաժանումը

2 responses to “Վերակազմակերպվում է Տաջիկստանի ՌԴ ԶՈւ ռազմաբազան. ՌԴ ՊՆ տեղակալը մեկնել է այնտեղ

  1. Pingback: Մեկնարկում է Ռուսաստան–Տաջիկստան համատեղ զորավարժություն | Ռազմ.info

  2. Pingback: Մեկնարկել է Ռուսաստան–Տաջիկստան համատեղ զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *