Ռուսաստանը Սիրիայում գործողություները դադարեցնելու հիմքեր չունի. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առայժմ որևէ հիմք չունի Սիրիայում իր օդատիեզերական ուժերի գործողությունները դադարեցնելու համար, և ավելացրել, որ գործնականում Սիրիայի պատերազմին վերջ տալու համար առաջին հերթին պետք է փակել Թուրքիայի տարածքով անցնող մաքսանենգ ուղիները: Այս մասին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է Օմանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար իրենք պատրաստ են համագործակցել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հետ:

ՌԴ Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալն իր հերթին հայտարարել է, որ իրենք գոհ են Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի հետ համագործակցությունից:

Նշենք, որ Սիրիայի կառավարական բանակը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ «Իսլամական պետություն» դեմ մարտերում փետրվարի 2-ին և 3-ին սկսել է Հալեպի նահանգի հյուսիսային` Թուրքիային սահմանակից շրջանները մեկուսացնել ԻՊ ենթակայության շրջաններից` կտրելով այդ շրջանից խմբավորման մատակարարման հիմնական աղբյուրները:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի կառավարության միջնորդությամբ կետային ավիահարվածներ է հասցնում այդ երկրում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Գործողություններին ներգրավված են ՌԴ ԶՈւ հեռահար, օպերատիվ-մարտավարական ավիացիան, ռազմանավեր և սուզանավեր:

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում

Հավելենք նաև, որ փետրվարի 1-ից Ժնևում ՄԱԿ-ի նախաձեռնութփյամբ ընթանում են Սիրիայում խաղաղություն հաստատելու խնդրի շուրջ բանակցությունները, որին ներգրավված են Սիրիայի կառավարության, սուննի արաբական մի շարք խմբավորումներ ներկայացուցիչներ, սակայն բանակցային գործընթացից առայժմ դուրս են մնացել քրդական PYD-ի ներկայացուցիչներ` չնայած ԱՄՆ-ի կողմից հովանավորության փաստին:

ՌԴ արտգործնախարարը ևս բազմիցս ընդգծել է բանակցային գործընթացին քրդական կառույցի մասնակցության անհրաժեշտությունը: Հավելենք, որ թուրքական կողմը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ինչպես իրենց սահմանակից շրջաններում ապրող թյուրթական խմբավորմանն ավիահարվածներ հասցնելու, այնպես էլ` քրդական  PYD-ին Թուրքիայի դեմ գործողությունների համար զինելու և մարզելու ծրագրերի համար:

Ժնևում բանակցությունները սկսելուց ի վեր թուրքական պաշտոնական խողովակներով սկսել է թմբկահարվել Ռուսաստանի` Սիրիայում գործողություները դադարեցնելու հարցը` դա համարելով Սիրիայի իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված առաջնային քայլերից մեկը, քանի որ ռուսաստանյան ավիախումբը օժանդակում է Թուրքիայի համար անցանկալի Սիրիայի կառավարական ուժերին:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վարած քաղաքականությանը, ԻՊ հետ հարաբերություններին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

Սիրիայի տարածքների վերահսկողությունը. Հունվար 2016 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *