Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 3

Թուրքիայի արևելքում շարունակվում են ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինված բախումները: Առավել լարված իրավիճակ է Դիարբեքիր նահանգի Սուր գավառում: Սուր քաղաքում շարունակվող մարտերի պատճառով այսօր` փետրվարի 3-ին, ևս 4 թաղամասերում «փողոց դուրս գալու» արգելք է սահմանվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Դիարբեքիրի Սուր գավառը թուրք-քրդական բախումների արդյունքում. 28.01.2016 թ.

Դիարբեքիրի Սուր գավառը թուրք-քրդական բախումների արդյունքում. 28.01.2016 թ.

Նշվում է, որ PKK-ի գրոհայինները շարունակում են բարիկադներ կառուցել քաղաքի տարբեր թաղամասերում, ինչի պատճառով թուրքական ուժայինները չեն կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը մարտերի ժամանակ` այդ իսկ պատճառով էլ 4 թաղամասերում ևս «փողոց դուրս գալու արգելք» է սահմանվել:

Սա, ըստ էության, նշանակում է, որ փողոց դուրս եկած ցանկացած բնակիչ կարող է դառնալ թուրքական ուժայինների թիրախը` ընդունվելով որպես ահաբեկիչ: Այսինքն, Սուր քաղաքի բնակիչները վերջնականապես զրկվում են ազատ շարժի, առաջնային կարիքները հոգալու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Սուր քաղաքի 11 թաղամասերում «փողոց դուրս գգալու արգելք» սահմանվել էր 2015-ի դեկտեմբերի 2-ից սկսած, ինչից հետո թուրքական ոստիկանության, ժանդարմեիրիայի և ԶՈւ ԳՇ հատուկ նշանակության ստորաբաժանումները մարտական գործողություններ են վարում քաղաքում: Այսօրվանից սկսած «փողոց դուրս գալու արգելք» է սահմանվել փաստորեն քաղաքի բոլոր 15 թաղամասերում, ինչը խոսում է մարտերի ուժգնանալու մասին:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. 28.01.2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. 28.01.2016 թ.

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 2-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ մոտ օրերս Ջիզրեում կդադարեն բախումները, իսկ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում էլ Սուր գավառում կդադարեն մարտերը և PKK-ի գրոհայինները պարտություն կկրեն: Սակայն, ինչպես տեսնում ենք, մարտերը նոր թափով են շարունակվում:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ մահացել է Սուր քաղաքում շարունակվող մարտերում օրերս վիրավորված մեկ հատուկջոկատային:

«Անադոլու»-ն նաև այսօր հայտնել է, որ PKK-ի զինյալները նռանականետերով կրակել են Դիարբեքիրի ոստիկանական բաժանմունքի վրա: Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել:


Քրդական աղբյուրների արձագանքը

Նշենք, որ եթե թուրքական պաշտոնական աղբյուրները հայտնում են իրենց կողմից միայն ահաբեկիչների սպանության մասին, ապա քրդական աղբյուրների փոխանցմամբ` թուրքական ուժայինները սպանում են նաև զինված պայքարի հետ կապ չունեցող խաղաղ քուրդ բնակիչների:

Քրդական ANF News լրատվական գործակալությունը հայտնում է, որ թուրքական ուժայինները փետրվարի 3-ին ձերբակալել են Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի կառավարչին` ավելացնելով, որ Յուքսեքովայի մի շարք թաղամասերում ևս բախումները շարունակվում են:

Նույն աղբյուրը նշում է, որ այլևս չեն կարողանում տեղեկություն ստանալ արդեն 12 օր հրազենային վնասվածքներով Ջիզրե քաղաքի Ջուդի թաղամասի տներից մեկում գտնվող մարդկանց մասին, որոնցից 8-ը արդեն զոհվել էին այս ընթացքում: Աղբյուրը մինչ այս էլ հայտնել էր, որ թուրքական ուժայիները չեն թույլատրում վիրավորներին հիվանդանոց տեղափոխել:

Թուրքական ուժայինները Շրնաք նահանգի Ջիզրե գավառում

Թուրքական ուժայինները Շրնաք նահանգի Ջիզրե գավառում

Թուրքիայի արևելյան քրդաբնակ շրջաններում շարունակվող բախումներից դժգոհում են նաև թուրքական մի շարք հասարակական կազմակերպություններ, Թուրքիայի արևմտյան շրջաններում անցկացվում են բողոքի ցույցեր:

Մասնավորապես երեկ` փետրվարի 2-ին, թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ Ստամբուլի Քդըքյոյ թաղամասում հասարակական կազմակերպություններից մեկի կոչով քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել` դժգոհելով Շրնաք նահանգի Ջիզրե գավառում կառավարական ուժերի գործողություններից և պահանջելով դադարեցնել բախումները:


Նշենք, որ զինված բախումներ են ոչ միայն Սուր և Ջիզրե գավառներում: Գրեթե նմանատիպ իրավիճակ է նաև Շրնաքի Սիլոփի գավառում, Մարդին, Հաքքարի նահանգներում, ինչպես նաև Թուրքիայի քրդաբնակ արևելյան այլ գավառներում: Սակայն քրդական ուժերը առավելագույն դիմադրություն ցուցաբերում են Դիարբեքիր և Շրնաք նահանգներում, մասնավորապես` Սուր և Ջիզրե գավառներում:

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *