Սիրիայի կառավարական բանակը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ «Իսլամական պետություն» դեմ մարտերում փետրվարի 2-ին և 3-ին սկսել է Հալեպի նահանգի հյուսիսային` Թուրքիային սահմանակից շրջանները մեկուսացնել ԻՊ ենթակայության շրջաններից` կտրելով այդ շրջանից խմբավորման մատակարարման հիմնական աղբյուրները: «Ֆրանս պրեսս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական բանակն այժմ շարունակում է առաջխաղացումը Հալեպի նահանգի հյուսիսային Նուբլ և Զահրա բնակավայրերի ուղղությամբ, որոնք արդեն գրեթե 3 տարի է, ինչ գրոհայինների տիրապետության տակ են:
Այժմ մարտերը շարունակվում են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած շրջաններում: Մասնավորապես նշվում է, որ փետրվարի 2-ի դրությամբ Սիրիայի կառավարական ուժերի հսկողության տակ են անցել Նուբլ և Զահրա քաղաքների ճանապարհին տեղակայված 2 բնակավայր:
Կառավարական բանակը հրետանային կրակի տակ է պահում նաև Ռաթյան բնակավայրը, որը ևս Նուբլ և Զահրա քաղաքների ճանապարհին ԻՊ հենակետերից մեկն է: Սիրիայի կռավարական բանակի գնդապետներից մեկը նշել է, որ իրենք շուրջ 3 կմ հեռավորության վրա են այս բնակավայրերից և մոտ են հսկողության հաստատմանը:
Փետրվարի 3-ին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն իր հերթին փոխանցում է, որ Սիրիայի կառավարական բանակը կարողացել է կտրել ԻՊ հաղորդակցությունը Թուրքիայի հետ` Մաեր-Անդան և Ազազ-Հալեպ ավտոմայրուղիներով:
Ստորև ներկայացնում ենք վերջին օրերին Սիրիայի կառավարական ուժերի և գրոհայինների մարտերի հիմնական վայրերի քարտեզը:
Հալեպի գավառում Սիրիայի կառավարական բանակի գործողությունները 2015-ի վերջին
Հիշեցնենք, որ 2012-ից քաղաքի Հալեպ քաղաքի արևմտյան հատվածը գտնվում է Սիրիայի կառավարական զորքերի, իսկ մյուս հատվածները` Սիրիայի սուննի արաբական զինյալ խմբավորումների` այդ թվում «Սիրիայի ազատ բանակի», ինչպես նաև մի շարք շրջաններ` ԻՊ հսկողության տակ, որն աստիճանաբար ավելի է մեկուսացվում խմբավորման հսկողության տակ գտնվող ընդհանուր տարածքներից և Թուրքիայի սահմանից:
Այսպես, 2015-ի նոյեմբերի 3-ին կառավարական ուժերը հսկողութուն հաստատեցին Հալեպը—Խանասեր—Իսրիյա—Էլ-Սալամիյա բնակավայրերը միմյանց կապող ճանապարհի նկատմամբ: Նոյեմբերի 10-ին Սիրիայի կառավարական բանակը հսկողություն հաստատեց Հալեպ քաղաքից դեպի արևելք ընկած Քվեյրիս (Ռասին էլ-Աբոուդ) ավիաբազայի նկատմամբ, որը պաշարված էր 2013-ից:
Նոյեմբերի 12-ին ազատագրեցին Հալեպից դեպի հարավ ընկած ալ-Հադեր քաղաքը: Նոյեմբերի 15-ին հսկողություն սահմանեցին ալ-Բարքում բնակավայրի նկատմամբ: Նոյեմբերի 25-ին կառավարական ուժերը գրավեցին Քվայրիս ավիաբազայի շուրջ գտնվող մի շարք բնակավայրեր` կտրելով Ռաքքայում և Հալեպում տեղակայված գրոհայինների կապը: Դեկտեմբերի 28-ին կառավարական ուժերը հսկողություն սահմանեցին Հալեպ քաղաքին և Քվեյրիս ավիաբազային մոտ տեղակայված Թել-Շերբիյա բարձունքը, որը հնարավորություն տվեց ավելի զարգացնել հաջողությունները:
2016-ի հունվարից Սիրիայի կառավարական բանակը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ սկսել է առաջխաղացումը դեպի Հալեպ նահանգի հյուսիսային գավառներ` փորձելով կտրել գրոհայինների հաղորդակցությունը Թուրքիայի հետ այդ շրջանում և անցնել Հալեպ քաղաքը գրոհայիններից ազատելու գործողություններին:
Սակայն Հալեպ քաղաքի հարցում Սիրիայի կառավարական ուժերը կարող են զգալի դժվարությունների հանդիպել, քանի որ քաղաքի մի մասը գտնվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից հովանավորվող սուննի զինյալ խմբավորումների հսկողություն տակ: Կարծիքներ կան, որ Սիրիայի կառավարական բանակը Հալեպի վրա հսկողություն հաստատելու համար պետք է դաշնակցի երկրի հյուսիսային շրջաններում հաստատված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցութան (PYD) հետ` Հալեպը ԻՊ-ից, «ալ-Նուսրայի ճակատից» և մյուս զինյալ խմբավորումներից ազատագրելու համար:
Թուրքիայի գործոնը
Մյուս կողմից Թուրքիան է շարունակում թմբկահարել, որ ռուսաստանյան ավիախումբը հարվածներ է հասցնում Թուրքիային սահմանակից շրջաններում ապրող «Սիրիայի թուրքմենների» բնակավայրերին` սպանելով խաղաղ բնակիչների: Սակայն, իրականում Թուրքիան այդ թյուրքական բնակիչների օգնությամբ փորձում է իր հսկողությունը սահմանել Հալեպի հյուսիսային` Թուրքիային սահմանակից, շրջաններում` ֆինանսավորելով և մարդկային կռվող ուժ տրամադրելով թյուրքական զինյալներին:
Նշենք, որ 2016-ի հունվարի 27-ի ԱԱԽ նիստում Թուրքիայի ղեկավարությունը հստակ հայտարարել էր, որ դեմ է Սիրայում նախագահ Բաշար Ասադի գլխավորած կառավարակն ուժերի, ինչպես նաև քրդական PYD-ի հսկողության սահմանմանը և ամեն բան անելու է դա կանխելու համար: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վարած քաղաքականությանը, ԻՊ հետ հարաբերություններին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Հավելենք նաև, որ փետրվարի 1-ից Ժնևում ՄԱԿ-ի նախաձեռնութփյամբ ընթանում են Սիրիայում խաղաղություն հաստատելու խնդրի շուրջ բանակցությունները, որին ներգրավված են Սիրիայի կառավարության, սուննի արաբական մի շարք խմբավորումներ ներկայացուցիչներ, սակայն բանակցային գործընթացից առայժմ դուրս են մնացել քրդական PYD-ի ներկայացուցիչներ` չնայած ԱՄՆ-ի կողմից հովանավորության փաստին:
Ասադի բանակին օգնող հիմնական ուժերը
Հիշեցնենք, նաև, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի կառավարության միջնորդությամբ կետային ավիահարվածներ է հասցնում այդ երկրում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Գործողություններին ներգրավված են ՌԴ ԶՈւ հեռահար, օպերատիվ-մարտավարական ավիացիան, ռազմանավեր և սուզանավեր (վերջինները՝ Կասպից ծովից):
Բացի այդ, Սիրիայի կառավարական ուժերին օգնում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները, որոնք մասնավորապես ներգրավված են նաև Հալեպի մարտերին:
Pingback: ՌԴ-ն Սիրայում գործողություները դադարեցնելու հիմքեր չունի. Լավրով | Ռազմ.info