Ռուսաստանի զինված ուժերի՝ Տաջիկստանում տեղակայված բոլոր ստորաբաժանումները միավորվելու են մեկ միավորման մեջ, որի հիմքը լինելու է «Կանտ» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախումբը:Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության, փետրվարի 2-ին հայտնել է Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիրի Զարուդնիցկին:
Ռուսաստանյան ստորաբաժանումները, որոնք որպես ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազա տեղակայված են Տաջիկստանում և մտնում են ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի կազմի մեջ, կվերակազմավորվեն և կդառնան մեկ բրիգադ՝ միաժամանակ պահպանելով իրենց նշանակությունը՝ այն է՝ Ռուսաստանի հենակետ (ֆորպոստը) կենտրոնասիական տարածաշրջանում:
Ռազմական շրջանի հրամանատարի խոսքով՝ փոփոխությունը պայմանավորված է հենց ռազմական շրջանի առջև դրված նոր խնդիրներով և ընդհանուր կառուցվածքային փոփոխություններով:
Այսօր էլ՝ փետրվարի 3-ին, ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը մեկնել է Տաջիկստան, որտեղ հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարարին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Անտոնովը հայտարարել է, որ ռուսաստանյան ռազմաբազան ոչ միայն Տաջիկստանի անվտանգության երաշխավորն է, այլև ՀԱՊԿ երկրների հենակետը տարածաշրջանում:
Տաջիկստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում Անտոնովը նաև հայտարարել է, որ Աֆղանստանից եկող վտանգի հետ կապված (Տաջիկստանը երկար սահմանը ունի այդ երկրի հետ) Ռուսաստանը պատրաստ է սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, անհրաժեշտ ամեն ինչով օգնել, որպեսզի բարձրացնի Տաջիկստանի զինված ուժերի մարտունակությունը՝ Աֆղանստանից եկող վտանգը չեզոքացնելու նպատակով:
Լրացում. Փետրվարի 3-ին հայտնի դարձավ նաև, որ Ռուսաստանը պատրաստվում է 201-րդ ռազմաբազայում մարզել ու պատրաստել Տաջիկստանի ԶՈւ ևս 1000 կրտսեր մասնագետ: (2015-ին Ռուսաստանը պատրաստել է Տաջիկստանի ԶՈւ տանկերի, ՀՄՄ-ների և «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգերի, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հազարից ավելի մասնագետների): Բացի այդ էլ, ըստ Անտոնովի, Ռուսաստանի ռուհերում անվճար սովորում է Տաջիկստանի ԶՈւ 562 զինծառայող:
Մինչ այս էլ՝ 2015թ. դեկտեմբերին Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռամաբազայի 149-րդ մոտոհրաձգային գունդը Խաթլոնի շրջանից վերատեղակայվել էր երկրի մայրաքաղաք Դուշանբեում և արվարձանում գտնվող «Լյաուր» զորավարժարանում։ Սա, հավանաբար, նույնպես պայմանավորված էր կառուցվածքային փոփոխություններով:
Տաջիկստանի հանդեպ Ռուսաստանի նման ուշադրությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ երկրի լրջորեն սպառնում են Աֆղանստանում կռվող ահաբեկչական զինված խմբավորումները՝ «Թալիբանը», «Իսլամական պետությունը», որոնք իրենց վերահսկողության տակ են պահում երկրի որոշ շրջաններ ու նաև Տաջիկստան-Աֆղանստան սահմանի որոշ հատված: Վտանգ կա, որ այդ խմբավորումները կարող են ներխուժել նաև Տաջիկստան և ապակայունացնել այնտեղի իրավիճակը:
Այս նպատակով է, որ ՀԱՊԿ-ը հակաահաբեկչական զորավարժություններ է անցկացնում Տաջիկստանում: Մասնավորապես 2015թ. մայիսին այնտեղ անցկացվել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը: Ընդ որում՝ հայկական խաղաղապահ ստորաբաժանումներն իրենց հերթին զինյալների դեմ պայքարին մասնակցում են նաև հենց Աֆղանստանում՝ «Վճռական աջակցություն» առաքելության կազմում:
Pingback: Մեկնարկում է Ռուսաստան–Տաջիկստան համատեղ զորավարժություն | Ռազմ.info
Pingback: Մեկնարկել է Ռուսաստան–Տաջիկստան համատեղ զորավարժություն | Ռազմ.info